ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին եւ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը և մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հանդիսանում հայ-ֆրանսիական փոխգործակցության շարունակական զարգացման և խորացման համար:

Մեզ համար շատ կարևոր էր ապրիլի 24-ի ներառումը ֆրանսիական հանրապետական օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Ձեզ:

Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին գործադրվող շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջմղմանը, և լիահույս ենք, որ այն ապագայում ևս կշարունակվի: Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների գործընթաց, հատկապես արդիական է դառնում Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը:

Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ մեծ հաջողություններ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի հետագա առաջընթացի և բարօրության»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին  Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության  վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրան­սիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաս­տանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մենք կարևորում ենք հայ-ֆրանսիական համագործակցությունը տնտե­սական, մշակութային, գիտակրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև այլ կրթական հաստատություններ իրենց կարևոր նպաստն են բերում մեր բարե­կա­մության ամրապնդմանը:

Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրու­թյուն և ամենայն բարիք»:

Կարդացեք նաև

Back to top button