
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Քաղաք՝ գետերի միջև. Վիետնամի մայրաքաղաք Հանոյն այսպես է թարգմանվում։
Եվ իսկապես. Հանոյը Հոնգհա գետի ափին է, այստեղ բնակվում է մոտ 8 մլն մարդ։ 2008 թվականին քաղաքի տարածքը մեծացել է ավելի քան երեք անգամ, քանի որ քաղաքին են միացել նրան հատող երեք շրջանները։
Քաղաքի պատմությունը սկսվում է 1010թ.-ից, երբ Լի Տհայ Տո կայսրը հրամայել է կառուցել քաղաք Դայլա ամրոցի մերձակայքում և այդտեղ տեղափոխել Դայկովետի կառավարությունը Հոալից:

Նոր քաղաքը ստացավ Տհանգլոնգ անվանումը: Հանոյ անվանումը գործածվում է 1831թ.-ից՝ Մին Մանգ կայսեր հրամանով:
Հանոյն աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից է։ Վիետնամում սոցիալիզմի շունչն ամենուր է զգացվում։ Այստեղ նաև Վ․Ի Լենինի արձանն է տեղադրված, դպրոցականները պիոներական վզկապներով ու համազգեստով են դպրոց գնում։
Նախկինում պատերազմ տեսած այս երկրում կյանքը վաղ առավոտյան է սկսվում։ Վիետնամում բոլորն են աշխատում, դրսում կանգնած որևէ մեկին դժվար է տեսնել։ Կանայք տղամարդկանց հետ հավասար վարում են մոտոցիլկետ ու հեծանիվ։ Մեկ մոտոցիկլետի վրա տեղավորվում են ընտանիքով, այն վարում են հատուկ գլխարկներով։
Հանոյում ամեն քայլափոխի կարելի է տեսնել դեմքները բժշկական դիմակներով ծածկած մարդկանց։ Թե ինչու են նրանք այդպես երթևեկում՝ կարծիքները տարբեր են, կամ՝ օրգանիզմը վարակներից են պաշտպանում, կամ՝ դեմքները արևից։
Հանոյում լուսացույցներ գրեթե չկան։

Վիետնամում շատ շոգ է, բարձր է նաև խոնավության աստիճանը։ Դրսում աշխատողների մաշկի գույնը մուգ է, այստեղ բաց մաշկ ունեցողները համարվում են ապահովված մարդիկ, քանի որ ստիպված չեն կիզիչ արևի տակ երկար աշխատել։
Վիետնամում ամենուր կարելի է հանդիպել վիետնամական ազգային գլխարկներով՝ նոն լայով կանանց։ Գլխարկները կրելու տարբեր ձևեր ունեն՝ թեք դնում են չամուսնացած երիտասարդ աղջիկները, ուղիղ՝ տարիքով կանայք։

Հանոյի նեղլիկ փողոցներում անսովոր է հատկապես վիետնամցիների կենցաղը՝ անմիջապես մայթերին սրճարան հիշեցնող տարածքներ են, մայթերին շարված ցածր աթոռակներ։

Անսովորն այն է, որ մայթերին շարված աթոռ-սեղանների կողքին մեծ թասերի մեջ ափսեներ են լվանում։ Սողունների ու միջատների նկատմամբ, կարծես, բարեհամբույր են։ Հյուրանոցի պատերին կարող ես մողեսներ տեսնել, կամ էլ՝ վազվզող առնետներ։
Վիետնամում կարելի է համտեսել էկզոտիկ ցանկացած կերակուր՝ օձի սրտից մինչև կրիայի ու շան միս, կոբրայի արյուն։

Նգույեն ամենատարածված ազգանունն է։ Վիետնամցիների ավելի քան 40 տոկոսը հենց այդ ազգանունն է կրում։ Նգույեն ազգանունն ունեն նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետը՝ Նգույեն Սուան Ֆուքը, ԱԺ նախագահը՝ Նգույեն Թի Քիմ Նգանը։ Նույն ազգանունն ունի նաև ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի տեղակալը՝ Նգույեն Հունգը։
Վիետնամը արագ տեմպերով զարգացող երկիր է։ Այստեղ հիմնականում բրինձ են մշակում։ Տարին երկու անգամ հավաքում են բերքը։ Հայաստանը Վիետնամից երկարահատիկ բրինձ է ներկրում՝ շուտով՝ առանց մաքսատուրքի։ Վիետնամն աշխարհին հայտնի է նաև իր սուրճով։
Վիետնամը ջրաշուշանների երկիր է։ Ամեն քայլափոխի ջրի մեջ ջրաշուշաններ են։

Հանոյում հայերի չհանդիպեցինք, հայեր կան, թե ոչ՝ այդպես էլ չիմացանք։ Ապավինում ենք, թերևս, տրամաբանությանը՝ եթե լինեին, անպայման հայկական պատվիրակության հետ հանդիպման կգային։ Վիետանում, սակայն, Հայաստանի մասին գիտեն։ Հազարից ավելի վիետնամցի է խորհրդային տարիներին սովորել Հայաստանում։
Եվ ահա Վիետնամում ՀՀ դեսպանատանը հավաքել էին Երևանում կրթություն ստացած վիետնամցիները։

Նրանցից Մին Լին իրեն հայ է համարում՝ հոգով ու սրտով դեռ Երևանում է՝ չնայած այժմ Հանոյում է ապրում։ Պատմում է․ «Ամենայն հավանակությամբ ես վերջին ուսանողն եմ, որը կրթություն է ստացել Հայաստանում։ Երևանում սովորել եմ 1989 թվականից մինչև 1993թվականը։ Սովորում էի ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում։ Ես շատ սիրել ու սիրում եմ Երևանը»։
Զրուցակիցս ընդգծում է՝ Երևանում ամենավատ տարիներին է սովորել. ԽՍՀՄ-ը փլուզված էր․ հիշում է Երևանն ու օրական 200 գրամ հաց ստանալու համար կտրոնի հերթերը․ «Ես հայուհի ընկերուհի ունեի այնտեղ։ Նա ինձ շատ էր օգնում։
Հիշում եմ՝ դրանք ամենածանր տարիներին էին՝ ձեզ համար։ Ես տեսել եմ հացի կտրոնի համար հերթերը։ Դրանք ինձ Հայրենական պատերազմի տարիները, Լիենինգրադի շրջափակումն էին հիշեցնում։ Մենք օրը երկու կամ երեք ժամն էինք ընդամենը հոսանք ունենում։
Երևանից հիշողությունները, սակայն, ջերմ են, ամենաշատը հայկական մրգերն է հիշում ու կարոտում․ «Հիշում եմ ձեր հրաշալի մրգերը՝ խաղողը, բալը, ծիրանը, հրաշալի համով, հյութեղ ու քաղցր»։

Հայաստանն ու հայերն ընդհանրապես վիետնամցի Մին Լիի հիշողության մեջ մնացել են որպես հյուրասեր ու երաժշտասեր մարդիկ։ Հիշում է՝ անգամ ցուրտ ու մութ տարիներին էին հայերը համերգասրահ այցելում։ «Իմ ընկերուհին ինչ-որ գործիքի վրա էր նվագում։ Նա ինձ համերգի էր հրավիրել։ Դահլիճում շատ ցուրտ էր, սակայն լեփ-լեցուն էր»։
Հայաստանում սովորած վիետնամցիները հայկական երաժշտություն սիրում են։ Ոչ միայն սիրում են, այլ նաև հաճույքով երգում։
Եվ մի հետաքրքական դիտարկում նույնպես՝ Երևանում սովորած վիետնամցիները իրենց նաև հայ են համարում։




