ԿարևորՔաղաքական

ՍԴ ճգնաժամի լուծումը՝ մինչեւ սեպտեմբեր

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ճգնաժամային  իրավիճակ դատաիրավական համակարգի երկու օղակներում. դրանց պատգամավորները դեռ չեն կարող միջամտել, բայց լուծման ուղիները քննարկում են: Մի ճգնաժամը կապված է ՍԴ-ի հետ: Ընտրվելուց հետո ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը դիմել էր տարբեր կառույցների՝ առկա ճգնաժամի մասին ահազանգով: Նամակը ԱԺ-ում վաղուց են ստացել, այն դեռ քննարկում են: Մյուս խնդիրը վերաբերում  է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ անդամների ընտրությանը: Արդյունքները միանշանակ չեն ընդունվել եւ մտահոգում են խորհրդարանական մեծամասնությանը: «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու նախորդ 6 ամսվա աշխատանքը, հարցերի եւ պատասխանների մեծ մասը, սակայն,  վերաբերում էր դատաիրավական ոլորտին:

ԱԺ մեծամասնությունն այս փուլում ձեռնպահ է մնում ՍԴ-ում առկա իրավիճակը գնահատելուց: Բայց հարցը քննարկվում է խմբակցության ներսում՝ լուծումներ գտնելու համար: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի փոխանցմամբ՝ տրամադրված են լուծումներ գտնել մինչեւ սեպտեմբեր:

 « Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է, ուրեմն գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում: Դեռեւս հստակ դիրքորոշում չունենք: Լուծումների փնտրտուք ասելով՝ նկատի ունենք, որ հանգուցալուծումը որեւէ կերպ չդիտարկվի որպես դատական իշխանության գործունեությանը միջամտություն, բայց միեւնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն տալիս  խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում պետք է հանդես գանք օրենսդրական մեխանիզմների մշակմամբ կամ հստակեցմամբ»,- նշեց Մակունցը:

Իշխանական թեւում նշում են, որ նույնիսկ իրավաբանների շրջանում այս պահին միասնական մոտեցում չկա ՍԴ-ում 7 թափուր տեղ ունենալու հայտարարության առնչությամբ: Հայտարարության հեղինակը  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, որը պնդում է՝ ՍԴ անդամները դատավոր չեն: Կառույցում փաստացի երեք ռեժիմով ընտրված անդամներ եւ դատավորներ են: Մի մասն ընտրվել է 1995 թվականի, մյուս մասը՝ 2005-2015թթ. սահմանադրական կարգավորումներով, իսկ այժմ գործում են նոր կարգավորումները:

ՍԴ-ում տարբեր պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող, այժմ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիրքորոշումն այն է, որ եւ տարիքային ցենզերի, եւ պաշտոնավարման ժամկետների հարցում տարբեր մոտեցումներ կան:

 «Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ-ն, որտեղ ի վերջո պետք է ներառված լինեն նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի եւ կառավարության կողմից առաջադրված 3-ական դատավորներ, դեռ չի ձեւավորվել: Այս առումով դեռևս անցումային փուլում ենք: Չափազանց կարեւոր է, որ հստակ հասկանանք, որ այս խնդիրը միայն խորհրդարանի  խնդիրը չէ: Դա նախեւառաջ ՍԴ եւ դատական իշխանություններին առնչվող հարց է, եւ այն, իմ կարծիքով, պետք է լուծվի՝ առանց գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտության: Եթե, իհարկե, չունենանք  համապատասխան սահմանադրական լիազորություններ միջամտելու»,- ասաց Վարդանյանը:   

Եթե ոչ  ճգնաժամ, ապա խնդրահարույց իրավիճակ է նաեւ ԲԴԽ-ում՝ դատավորների ընդհանուր խորհրդի կողմից ԲԴԽ նոր անդամների ընտրությունից հետո: Իրավիճակի վիճահարույց կետը վերաբերում է  դատավոր Նախշուն Տավարացյանի երդման արարողությանը: Դատավորների ընդհանուր ժողովը երեկ ընտրել է երկու դատավոր, Տավարացյանի խնդիրն այլ էր: 2018-ի տարեվերջին ընտրված դատավորը, որն ավելի քիչ ձայն էր հավաքել մրցակցից, բայց օրենսդրությամբ գենդերային հավասարության սկզբունքից ելնելով ընտրված էր համարվել  և այդ փուլում  չէր ցանկանցել ստանձնել պաշտոնը, երեկ մտափոխվել էր եւ 8 ամիս ուշացումով՝ դռնփակ նիստում ԲԴԽ անդամի երդում տվել:   

 «Նկատի ունենալով օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տարակերտ մեկնաբանությունները՝ ԲԴԽ-ն գտել է, որ մինչեւ չերդվի տիկին Տավարացյանը որեւէ հարցի անդրադարձ չի կարող տեղի ունենալ: Այսօր արդեն տիկին Տավարացյանը, ապահովելով դատավորական համայնքի համերաշխության սկզբունքը, որոշեց երդում տալ եւ արդեն, երբ ԲԴԽ-ն նիստ կհրավիրի տիկին Տավարացյանը կամ պետք է աշխատի, կամ պետք է պնդի իր հրաժարականը»,- այսպես բացատրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Տիկին Տավարացյանը երեկ այդպես էլ փակագծերը չբացեց՝ արդյո՞ք պնդելու է իր հրաժարականը: Փոխարենը շատերն այսօր հիշում էին այդ դատավորի հայտնի գործերից մեկը՝ եթերազրկված «Ա1+»-ը հեռուստաընկերությունը դիմել էր դատարանում իրավունքները վերականգնելու համար: Այդ գործով դատավորը հենց Նախշուն Տավարացյանն էր: ԲԴԽ անդամների ընտրության երեկվա աղմուկից հետո հակասական տրամադրություններ են նաեւ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում:

«ԲԴԽ-ն, որը պատասխանատու է լինելու «վեթինգ»-ի համար, առաջինը հենց ինքը պետք է անցնի վեթինգը՝ անկախ նրանից, թե անդամներն ում կողմից են առաջադրվել, երբ են առաջադրվել եւ այլն: Կարծում եմ՝ այն կազմը, որը կունենանք պրոցեսը սկսելուց առաջ, միանշանակ պետք է անցնի այդ գործընթացը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Այս հարցում  նույնպես խորհրդարանում գերակայողն այն մոտեցումն է, որ իշխանության մյուս ճյուղերը չեն կարող միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ  անդամների ընտրությանը։ Սակայն  տիկին Մակունցն այսօր խոստովանեց՝ երեկ եւ այսօր տարբեր կողմերից հնչող տարակուսանքը դատավորների երեկվա ընդհանուր ժողովից եւ կայացված որոշումից իր համար իսկապես մտահոգիչ է:

Կարդացեք նաև

Back to top button