
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը ամենաշատ փոփոխությունների ենթարկված փաստաթղթերից մեկն է, որ կարգավորում է ոլորտը: Այն փոփոխվել եւ լրացվել է 29 անգամ: Չնայած դրա՝ լրագրողական երեք կազմակերպություն մշակել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ՝ հիմնավորմամբ, որ գործող օրենքը մի շարք խնդիրների լուծում չի տալիս, առավել եւս՝ թվային հեռարձակման անցնելուց հետո ունակ չէ դիմագրավելու նոր մարտահրավերներին: Այսօր էլ տրվել է օրինագծի քննարկումների մեկնարկը:
Ինչո՞ւ նոր օրենք եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի այն, որոնք անակ չէ լուծելու գործող օրենքը: Նաեւ այս հարցերին են անդրադարձել նոր օրինագիծը մշակած լրագրողական երեք կազմակերպությունների ղեկավարները:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի հեղինակներն են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Երեւանի մամուլի ակումբը» եւ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: Երեկ 50 էջանոց նոր օրինագիծը ներկայացվել եւ հանձնվել է ԱԺ համապատասխան ենթահանձնաժողովին, այն արդեն տեղադրվել է նաեւ հեղինակ- կազմակերպությունների կայքէջերում: Քննարկումների մեկնարկը տրված է, հեղինակներն ասացին, որ ակնկալում են լայն քննարկումներ եւ բազմաթիվ առաջարկներ:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ, ըստ իրենց, հիմնական խնդիրների լուծման ուղիները տվել են, որոնք, իրենց կարծիքով, արդյունավետ չեն գործող օրենքում: Նա ներկայացրեց նախագծի սկզբունքային 6 հիմնական կետերը: Դրանցից մեկը վերաբերում է լիցենզավորման խնդրին:
«Ծանր լիցենզավորման ընթացակարգից պետք է հրաժարվել եւ նոր, թվային ժամանակաշրջանում դա կարող է լինել շատ ավելի պարզ ընթացակարգ, որը որ թույլ կտա վերանայել հարաբերությունները հեռարձակման ոլորտում եւ զարգացնել մրցակցությունը: Դա, կարծում ենք, կնպաստի ոլորտի զարգացմանը»,- ասում է Մելքոնյանը:
Առաջարկվում է թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու բարենպաստ պայմաններ, ինչը չկա գործող օրենքում: Օրինագծի սկզբունքային կետերից մեկն էլ վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությանը: Մասնավորապես, Աշոտ Մելիքյանի խոսքով, իրենք կարծում են, որ արդարացի չէ, երբ մրցութային հանձնաժողովը ընտրում է միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին եւ առաջարկում են, որ հանձնաժողովը ընտրի խորհրդի բոլոր 5 անդամներին, իսկ այդ 5 անդամներն էլ՝ իրենց միջից խորհրդի նախագահին, ինչպես եղել է նախկինում:

Նոր օրինագծով հեղինակների առաջարկած առանցքային կետերից մեկն էլ վերաբերում է հեռուստաընկերությունների սեփականատերերի թափանցիկության ապահովման հարցին: Գործող օրենքում դա բացակայում է, կամ շատ ձեւական բնույթ է կրում՝ ասաց Աշոտ Մելիքյանը.
«Մենք նախատեսում ենք, որ հեռուստաընկերությունը իր լսարանի հետ ազնվ կանոններով պետք է աշխատի եւ շատ թափանցիկ ասի, թե ովքեր են հիմնադիրները եւ հիմնադիրների հիմնադիրները՝ սկսած բաժնեմասերի 5 տոկոսից»,- հստակեցրեց նա:
Եթե հայտնաբերվի, որ ստույգ տեղեկություններ չեն ներկայացված՝ նախատեսվում է նաեւ պատասխանատվության միջոցներ, ընդհուպ մինչեւ՝ գործունեության կասեցում,-նշեց Աշոտ Մելիքյանը:
Արագ եւ սկզբունքային փոփոխություններ կատարելն անհրաժեշտություն է՝ կարծիք հայտնեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա ձեւակերպմամբ՝ դա պայմանավորված է 2021 թվականին սպասվող հերթական լիցենզիաների մրցույթով եւ եթե այն անցկացվի գործող օրենքով, ապա՝ դա կատաստրոֆա է կլինի ոլորտի համար:
«Եթե իրենք հայտարարվեն այս /գործող/ օրենքի շրջանակներում, դա կնշանակի, որ մենք եւս 10 տարով կաթվածահար կանենք ամբողջ ոլորտի զարգացման հնարավորությունները եւ դա արդեն ոչ թե, ասենք, անցանկալի զարգացումներ են, դա նշանակում է արդեն վերջնական փակուղի ոլորտի համար: Դա անթույլատրելի է»,- նշեց Նավասարդյանը:
Եթե լավագույն լուծումներն էլ չեն գտնվել, ապա դրանք պետք է գտնել մոտակա ամիսների ընթացքում՝ եզրափակեց Բորիս Նավասարդյանը:
Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի արմատական փոփոխման անհրաժեշտություն տեսնում է նաեւ ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ լրագրողական երեք կազմակերպությունների մշակած նախագծին առայժմ ծանոթ չէ եւ չի կարող որեւէ մեկնաբանություն անել, ապա տեղեկացրեց, որ նախագիծ մշակել են նաեւ հանձնաժողովում, որի մասին առաջիկայում կխոսեն:




