
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունը երեկ փակ ու արտահերթ նիստով հաստատել է 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Մանրամասներն այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել։
Նա նշել է, որ հաջորդ տարի կփորձեն մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:
Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Սա սոցիալական ուղղվածություն ունեցող միակ դրույթը չի եղել։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբաձրանան։ Լուրը վարչապետը հայտարարեց այսօր կառավարության նիստի սկզբում.
«2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները»:
Բյուջեի վրա կենսաթոշակների բարձրացումը մոտ 25 մլրդ դրամ կնստի՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ 2019 թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստը։ 2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը: Նվազագույն աշխատավարձը նույնպես կբարձրանա. սրա համար էլ մոտ 60 մլրդ դրամ կպահանջվի։
Մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազարը 68000 դրամ դարձնելու նախաձեռնությանը։ Ֆինանսների նախարարը լավատես է՝ առաջիկա տարիներին խոստացված մոտ 5 տոկոս տնտեսական աճը կապահովեն. գուցե՝ ավելին էլ կարողանան անել։ Կառավարության ղեկավարի հանձնարարականը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հստակ է.

«Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Ինչպես կառավարության և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Կառավարությունում հիմնական ուղենիշները նույնպես ուրվագծել են՝ կզարգացնեն վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը։ Ի դեպ, այս տարվա առաջին 6 ամսում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Ավելացել է արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում, հյուրանոցներում, կանխիկացման գործարքներն ավելացել են 22 տոկոսով։




