Հասարակություն

Թալանվում են Արևմտյան Հայաստանի հայկական պատմական կառույցները

Խարբերդի Ալաջաքայա գավառին ենթակա Բաղին շրջանում գտնվող հայկական պատմական շինությունները ենթարկվում են գանձագողերի ավերածություններին` Akunq.net-ի փոխանցմամբ՝ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ Ալաջաքայա գավառից 21 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 600-ամյա պատմական բնակավայրը լիովին վերանալու վտանգի տակ է: Այդ շրջանում, որտեղ ենթադրաբար գտնվել են 2 հայկական և 1 մահմեդական թաղամասեր, բացի բնակատեղիներից, կան նաև եկեղեցի, ջրաղաց և գերեզմաններ:

«Ժայռոտ և ընդարձակ տարածքում կառուցված այդ պատմական բնակավայրում գտնվող կառույցները բավականին ուշագրավ են և կարողացել են պահպանել իրենց պատմական առանձնահատկությունները և հասնել մեր օրեր»,- գրում է կայքը:

Թուրքական աղբյուրում նաև նշվում է, թե մինչ օրս որևէ գիտական ուսումնասիրություն չի կատարվել այս տեղանքում: Դարեր շարունակ բազմաթիվ բնական աղետների դիմակայած սույն պատմական կառույցները վերջին շրջանում սկսել են ավերվել գանձ որոնողների կողմից, ովքեր չեն բավարարվում պատմությունը ոչնչացնելով, այլ նաև 600-ամյա հայկական գերեզմանները բացելով՝ փորձում են գտնել ոսկու նման արժեքավոր մետաղներ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ բացված գերեզմանները չեն փակվում և այդպես էլ բաց են մնում, և որ շրջակա գյուղերի բնակիչները խնդրում են այդ պատմական շինությունները հնարավորինս արագ պահպանման տակ առնել ու դրանք վերականգնելով՝ փոխանցել հետագա սերունդներին:

 

Back to top button