
Երևանի ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ՝ աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալու համար՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Ավետիս Գասպարյանը:
«Մի բան հստակ է․ Սանիթեք ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով․
• առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան. մի քանի խմբաքանակով՝ մաս մաս,
• Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում և մոտ օրերին արդեն մի քանիսը ուղևորվելու են Երևան։ Օգոստոսի 7֊ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երևան»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։
Նա վստահեցրել է, որ բոլորը՝ թե՛ «Իմ քայլը» խմբակցության անդամները, թե՛ գործադիրի իրենց գործընկերները հետամուտ են աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը:




