
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի վիճակում բժիշկները դրական փոփոխություն են արձանագրում:
Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում, Արարատի, «Էրեբունի» եւ «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող տուժածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Սովորաբար նման դժբախտ պատահարներից հետո քննարկում է սկսվում ոչ միայն պատճառների, մեղավորների, այլ նաև ՝ դասեր քաղելու անհրաժեշտության մասին:
Մինչդեռ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարը միակ դեպքը չէր, որից կարելի էր դասեր քաղել: 2014-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ»-ին: Վթարը 7 մարդու կյանք էր խլել, եւս 7-ը վնասվածք էր ստացել: 2014-ից, ըստ էության, շատ բան չի փոխվել: Այսօր նորից քննարկում ենք, թե ինչ դասեր պետք է քաղել նոր վթարից: Գազաբալոններ տեղադրող եւ ստուգող ընկերության տնօրեն Միքայել Մարգարյանը կարծում է, որ պատկերը կարող էր բոլորովին ուրիշ լինել, եթե «Գազելը» գազով չաշխատեր:

«-Վերահսկողություն չկա: Ամեն պատի տակ, ամեն գարաժում ով ասես գազ է տեղադրում: Դնում են այն, ինչ ուժները պատում է, ինչքան խելքները հասնում է, դրա համար էլ փորձանքներն այդքան շատ են:
-Արարատի վթարի դեպքում եթե մեքենան ոչ թե գազով, այլ բենզինով աշխատեր …
-Հնարավոր է նորից բռնկվեր, բայց այդքան զոհ, այդքան վնաս չէր լինի: Հրդեհն այնպիսին էր, որ չէր երեւում՝ բալոնները տեղից թռել են, թե ոչ, բայց դիմացից հարված եղել է, ռուսերեն կոչվում է «редуктор», միանգամից բռնկում է եղել, մեծ ճնշում: Բալոններում ինչքան մթնոլորտ կա, դրանից էլ այդ կարգի բռնկում է եղել:
-Ի՞նչ հնության բալոններ են Ձեզ մոտ բերվում:
-Շատ հին: 86-87 թվի բալոններ կան, որոնք 20 տարվա շահագործման համար են նախատեսված, բայց մինչեւ այսօր շահագործում են»:
Հոռոմի դեպքի ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզպետն էր, այսօր նա Արտակարգ իրավիճակների նախարարն է: Կրկին խոսում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
«Հետեւություններ հիմա էլ պետք արվեն, որովհետեւ մի քանի անգամ ասել են, որ բոլոր մարդատար տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով: Առաջինը՝ պետք է ունենային կրակմարիչ, որ օգտագործեին հենց առաջին պահին: Խնդիր է նաեւ, թե ինչ վառելիք են օգտագործում մարդատար տրանսպորտային միջոցները: Միայն խստացնելով եւ սանկցիաներ կիրառելով հարցը չի լուծվի: Մարդկանց գիտակցության խնդիր կա: Մասնավոր հիմնարկներ են գազի տեղադրմամբ զբաղվում, գազի բալոնների որակի խնդիր կա: Հարկավոր է շատ կոնկրետ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել, որովհետեւ եթե դրանք չլինեն, մենք էլի նույն դեպքերը կունենանք»:
Զոդի կամրջի դեպքում խնդիրը ոչ այնքան հնամաշ «Գազելն» է կամ այն գազով աշխատեցնելը, որքան վարորդների վարքագիծն ու պատասխանատվությունը: Ոչ միայն հարգել միմյանց երթեւեկության ընթացքում, այլեւ ունենալ պատշաճ «կահավորված» մեքենա՝ անհրաժեշտ նվազագույն պարագաներով:

Հենց այս կանոնի պահպանումը կարող էր մարդկային կյանքեր փրկել՝ ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Մարդիկ միայն «կլյուչ ու դանկրատ» ունեն մեքենայի մեջ ու վերջ: Պատկերացնո՞ւմ եք, որ բոլորն ունենային այդ հակահրդեհային բալոնը, ոչ թե նայեին, թե ոնց են մարդիկ այրվում: Վարչապետին կից պետք է նորից ստեղծել փոշիացած երթեւեկությունը կանոնակարգելու հանձնաժողով»:
Հստակ կանոններ ձեւավորելու եւ պատասխանատու մարմին ստեղծելու պահանջով «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ն ուրբաթ օրը հավաք է նախաձեռնում կառավարության շենքի մոտ: Ասում են՝ ոչ ցույց է լինելու, ոչ էլ բողոքի ակցիա, այլ կառուցողական հավաք՝ անելիքները հասկանալու համար: Փաստաբան Գեւորգ Հովհաննիսյանը ակցիային գնալու է հստակ առաջարկներով.
«Գազաբալոնային սարքավորումների օգտագործմամբ այսօր շահագործվում է հանրապետության տրանսպորտային միջոցների մեծ մասը: Լուծումներ են պետք, ինչպես անվտանգության բարձիկները: Օրինակ, լինի տեխնիկական որեւէ սարք, որը գազի ինտենսիվ հոսքի դեպքում շատ արագ՝ կլապանի աշխատանքով կդադարեցվի: Հնարավոր կլինի տեղում անգամ հողով կրակը մարել»:
Բացի տեխնիկական խնդիրներից եւ վարորդների վարքականոնից՝ կա եւս մեկ, առայժմ անլուծելի խնդիր՝ սոցիալական վիճակը մարդկանց ստիպում է աշխատել 12 ժամից ավելի: Հոգնած վարորդը տրանսպորտի ղեկին եւս լուրջ վտանգ է ուղեւորների համար:




