Կարինում (Էրզրում) հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու մոտակայքում անօրինական շինարարություն է կատարվում՝ Akunq.net-ի փոխանցմամբ՝ հաղորդում է թուրքական ‹‹Իհլաս›› լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում 1790 թ. հայերի կողմից կառուցված եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարված, անօրինական կերպով փոսեր են բացել: Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ Ազիզիյեի գավառապետարանը դիմել է գերմանաբնակ մի հայի, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս այն վերականգնելու համաձայնություն չի տվել. տեղի բնակիչները իբրև թե պահանջում են վերանորոգել եկեղեցին ու մաքրել նրա շրջակայքը:
Թուրքական իշխանությունները և նրանց ծառայող մամուլը սկսել են նման դեպքերի մեղքը բարդել հայերի վրա: Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում նման դեպքերը բազմաթիվ են, երբ գանձագողերն ավերում են հայկական մշակութային արժեքները:
«Այս դեպքում հետևյալ հարցն է առաջանում. իսկ մի՞թե այդ եկեղեցու տեր գերմանաբնակ հայն է մեղավոր, որ թուրքական իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մշակութային արժեքները գանձ որոնողների ավերածություններից: Անհավանական չէ, որ թուրքական իշխանություններն փորձում են հայ բարերարի հաշվին վերանորոգել այս հայկական եկեղեցին և այն վերածել հերթական հասարակական շինության, որի նախադեպերը շատ են գրանցվել Թուրքիայում»,-գրում է կայքը: