
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»՝ Սինգապուր
Սինգապուրի կառավարական Ինստանա նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Փաշինյանին դիմավորել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն: Տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը:
Ըստ պաշտոնական ընդունված կարգի՝ երկու երկրների վարչապետերը հրավիրվել են ստուգայցի: Իստանայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Սինգապուրի նախագահ Խալիմա Յակոբի հանդիպումը: Երկու երկրների միջև ստորագրվել են հուշագրեր:
«Հայաստանի պատվիրակությունը Սինգապուր է այցելել երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու համար»,- այսօր Սինգապուրի կառավարական Իստանա նստավայրում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և տինկոջ պատվին հրավիրված պաշտոնական ճաշին:
Նիկոլ Փաշինյանը հայերեն է ելույթ ունեցել: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս շեշտադրել է, որ Հայաստանն այս երկրի հանդեպ առանձնահատուկ զգացմունքներ ունի: «Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտապարտ կլինեինք ձեր խորհուրդների համար»,- հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը: Հիշեցրել է նաև Եվրասիական տնտեսական միության մասին, կարևորել է Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխություններին.
«Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և մասնավորապես արտասահմանյան ներդրողների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությանը սպառնացող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա-պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար»:




