
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Զարմանքն ու թերահավատությունն առաջին զգացումներն են, որ ունենում են մարդիկ, երբ առաջին անգամ հանդիպում են, այսպես ասած, «տղամարդու գործով» զբաղվող կնոջ:
Աջափնյակում գտնվող կոշիկի նորոգման կրպակի սեփականատերը Գայանե Ղամբարյանն է: Երեւանի միակ կին կոշկակարը վաղուց է կոտրել «տղամարդու գործ» ասվածի կարծրատիպը՝ ամուսնու մահվանից հետո շարունակելով վարպետ ամուսնու գործը: Երեք երեխաների հոգսն իր ուսերին էր: Հիմա արդեն հինգ թոռ ունի։ Անտրտունջ էլ համատեղում է տնային տնտեսուհու, ընտանիքի կերակրողի, մոր եւ տատիկի պարտականությունները։

Տիկին Գայանեն ասում է, որ ամուսնու մահից հետո դժվար էր, թիկունքին ուժի պակասությունն զգացվում էր, բայց՝ հայ կինը միշտ էլ ուժեղ է եղել, ամեն իրավիճակում իր ուսերին կարողացել է կրել ընտանիքի հիմնական հոգսերը:
Դա պարտավորված էր անել նաեւ ինքը. փորձեց ու հաջողեց: Հպարտությամբ կրած բոլոր դժվարությունները հիմա անցյալում են: Հիմա արդեն թաղամասում այս անկյունը դարձել է սովորական առօրյայի մասնիկ, եւ զարմանքն էլ փոխարկվել տիկին Գայանեի հանդեպ հարգանքի եւ սիրո: Շրջապատում վաղուց են գնահատել նրան՝ տիկին Գայանեն թեթև ու մաքուր ձեռք ունի, պատվերներն էլ երբեք չի ուշացնում: Անհրաժեշտության դեպքում՝ շրջապատում եւ ոչ միայն, բոլորն են շտապում նրա մոտ:

Կոշկակարի կրպակի դուռը Գայանե Ղամբարյանն իր ամուսնու մահից հետո տարիներ առաջ կրկին բացելով՝ սկզբում հաճախ է նկատել, որ կրպակ հաճախողների զարմանքը շատ-շատ էր:
Կոշկարարի արհեստն էլ հենց ամուսնուց էր սովորել տիկին Գայանեն: Պատմում է, թե ինչը ստիպեց՝ մտնելու այս արհեստի նրբությունների մեջ:
Ամառվա շոգն էլ տիկին Գայանեին չի խանգարում, որ գրեթե ամեն օր իր սահմանած աշխատանքային ժամերին հաճախորդներ ընդունի, կոշիկներ նորոգի՝ գոհացնելով անգամ ամենախստապահանջներին: Տիկին Գայանեն ունի հստակ աշխատանքային ժամեր ու այդ ընթացքում ընդմիջում էլ է անում: Ընդմիջման ժամերին էլ ընկերուհիների հետ սուրճ են խմում:
Դե պարզ է, սա էլ այն ժամն է, երբ ունենում է իր հստակ օրակարգը. օրվա նորություներն ու անցուդարձերը պետք է քննարկել:
Տիկին Գայանեն ցույց է տալիս իր կոշտացած ձեռքերը: Նկատենք՝ կոշտացած, բայց նույնքան կանացի-մայրական՝ մոր ձեռքերը: Կնոջ համար այս գործն, անշուշտ, հեշտ չէ՝ ասում է տիկին Գայանեն ու խորը շունչ քաշելով հավելում՝ մանավանդ այն դեպքում, երբ ոչ հանգստյան օր ունես ու ոչ էլ արձակուրդ:

Բայց գործը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, իր ամենամեծ դրական կողմն էլ ունի, որը տիկին Գայանեն ամենաշատն է գնահատում: Դու ես ու քո աշխատանքը, ոչ գործատուից ես կախված, ոչ ուրիշի ձեռքին ես նայում՝ հպարտությամբ ասաց Տիկին Գայանեն: Դա ամենամեծ երջանկությունն է, որ կարող ես վայելել այս գործում՝ հավելեց: Դա էլ հենց գլխավոր խթանն է, որ տիկին Գայանեին թույլ չի տվել այլ աշխատանք գտնելու:
Շրջապատում Տիկին Գայանեին շատ լավ են ճանաչում ու հարգում: Հաճախորդների պակաս էլ չունի:
Ոմանք առաջին անգամ են գալիս նրա մոտ, իսկ շատերը՝ առաջին անգամից հետո՝ մշտապես:
Դա հոմ պատահականությու՞ն չէ – լավ արհեստավորի մոտ, իր գործը բարեխղճորեն կատարողի մոտ, անշուշտ, կվերադառնաս միշտ էլ՝ երբ դրա անհրաժեշտությունն է ծագում: Առավել եւս՝ երբ մի անգամ արդեն իսկ տեսած ես լինում, թե ինչպե՞ս են նրա մատների զորությամբ երկրորդ ծնունդ առնում կոշիկներդ, որոնցից, ուր որ է հրաժարվելու էիր: Բայց, տիկին Գայանեին հաճախորդները գնահատում են նաեւ, գուցե եւ՝ առաջին հերթին, մարդկային մի շարք այլ առանձնահատկությունների համար:
Կարծում եմ՝ հասկանալի է, թե կոշիկների այդ վերածնունդն ինչ կարեւորություն ունի, հատկապես՝ ձմռանը, երբ սրտի վախով ես ծանոթանում կոմունալ վճարումներիդ մասին հերթական ծանուցումներին: Հենց հատկապես ձմռանն էլ տիկին Գայանեն հաճախորդների պակաս ընդհանրապես չի ունենում: Այդ շրջանում օրական մոտավորապես 10 զույգ կոշիկ վերանորոգում է՝ տեղեկացրեց: Ծառայությունների գներն էլ փորձում է կայուն պահել՝ թեպետ, գրեթե, ամեն ինչ օրեցօր թանկանում է: Այս դեպքում էլ՝ խիղճը թույլ չի տալիս, որ ինքը նույնպես իր հաճախորդների համար կոշիկի վերանորոգման գին բարձրացնի.
Աշխատանքից տիկին Գայանեն հոգնել է, բայց՝ շարունակում է աշխատել, որովհետեւ շատ է սիրում թոռներին ու իրեն շատ ավելի լավ է զգում, երբ հենց իր աշխատած գումարներով թոռների համար ինչ-որ բան է գնում: Դա երջանկության գաղտնիքներից մեկն է:




