
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիետնամ։ Պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան Հանոյի օդանավակայանում տեղի էր ունենալու ՀՀ վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները կսկսվեն հուլիսի հինգին՝ օրվա երկրորդ կեսին: Մեր երկրի վարչապետի առաջին կանգառը զոհված հերոսների հուշարձանն է լինելու:
Հուլիսի վեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի ՎՍՀ ազգային ժողով, որտեղ կհանդիպի ՎՍՀ ազգային ժողովի նախագահ տիկին Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:
Ապա Նիկոլ Փաշինյանը ՎՍՀ առևտրի պալատում կհանդիպի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ: Վարչապետի օրակարգում է նաև այց Հանոյում ՀՀ դեսպանություն, հանդիպում Վիետնամ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կլինի նաև Թրանգ Ան լանդշաֆտային համալիրում:
Վարչապետը Վիետնամում է պաշտոնական այցով: Վիետնամից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին պաշտոնական այցով Սինգապուրի հանրապետություն կմեկնի:




