
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի սոցիալիստական հանրապետություն կմեկնարկի հուլիսի հինգին, երբ Երևանում վաղ առավոտ կլինի:
Մինչ այդ, հուլիսի չորսի ուշ երեկոյան ՀՀ և ՎՍՀ դրոշներով Հանոյի Նոյբայ օդանավակայանում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները կսկսվեն հուլիսի հինգին՝ օրվա երկրորդ կեսին: Մեր երկրի վարչապետի առաջին կանգառը զոհված հերոսների հուշարձանն է լինելու:
Ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Հո Շի Մինի դամբարան: Հանոյում Հայաստանի կառավարության ղեկավարը կայցելի նաև Գրականության տաճար, որի գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի դիմավորումից հետո մշակութային համալիրի տարածքում Նիկոլ Փաշինյանը շրջայց կկատարի:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ՎՍՀ նստավայրի բակում կդիմավորի ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը՝ տիկնոջ՝ Թրան Նքիմ Նգույեթ Թուի հետ:
Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները՝ վարչապետերի մասնակցությամբ նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումներ կանցկացնեն: Երկու երկրների ՝ ՀՀ և ՎՍՀ միջև համաձայնագրեր կստորագրվեն՝ կրթության ու զբոսաշրջության ոլորտներում:
ՀՀ վարչապետը և ՎՍՀ վարչապետը ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություն կանեն: Նույն օրը վարչապետը կմեկնի Կառավարական ընդունելությունների տուն: ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից պաշտոնական ընթրիք կտրվի:
Հուլիսի հինգին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում կունենա ՎՍՀ վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուի հետ:
Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի վեցին, նախատեսված է Հայաստանի վարչապետի տիկնոջ այցը Արյան փոխներարկման ինստիտուտ՝ մանկական բաժին, որտեղ մասնագետները կներկայացնեն բուժման մեթոդիկան ու առնաձնահատկությունները:
Հուլիսի վեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի ՎՍՀ ազգային ժողով, որտեղ կհանդիպի ՎՍՀ ազգային ժողովի նախագահ տիկին Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:
Ապա Նիկոլ Փաշինյանը ՎՍՀ առևտրի պալատում կհանդիպի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ: Վարչապետի օրակարգում է նաև այց Հանոյում ՀՀ դեսպանություն, հանդիպում Վիետնամ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կլինի նաև Թրանգ Ան լանդշաֆտային համալիրում:
Վարչապետը Վիետնամում է պաշտոնական այցով: Վիետնամից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին պաշտոնական այցով Սինգապուրի հանրապետություն կմեկնի:




