Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է բնակելի տարածքներում երթևեկության սահմանված արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի: Քաղաքապետը կարծում է, որ արագության նվազեցումը չի խոչընդոտի երթեւեկությանը և անվտանգության լրացուցիչ երաշխքիներ կստեղծի: Վարորդները, սակայն, այլ կարծիքի են: Ըստ նրանց՝ անվտանգ երթևեկության համար պետք է ընդամենը պատշաճ վերահսկողություն և կատարվեն համապատասխան գծանշումներ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու առաջարկը ոչ միանշանակ ընդունվեց երթևեկության մասնակիցների կողմից: Շատ վարորդներ իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով, որ առանց այն էլ խցանումները այնքան շատ են, որ այսպես թե այնպես ավելի դանդաղ են երթևեկում, քան 50 կմ/ժ-ն է:

Կար նաև կարծիք, որ եթե նույնիսկ թույլատրելի արագությունը 10 կմ/ժ է, բայց չկա համապատասխան հսկողություն և բացակայում են ճանապարհի գծանշումները, պատահարները ոչ միայն չեն նվազի, այլև կավելանան: Նախաձեռնությունը չեն ողջունում նաև «Վարորդի ընկեր» գրասենյակում: Թե ինչ հիմնավորմամբ, հրաժարվեցին պատասխանել:
Երթևեկության մասնակիցները որպես պատահարների պատճառ առանձնացնում են նաև գծանշումների բացակայությունը: Թե ինչու են մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում բացակայում գծանշումները, փորձեցինք պարզել հենց Ճանապարհային ոստիկանությունից: ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ճանապարհներն այս պահին արդեն իսկ գծանշվում են, և մինչև ամսվա վերջ կունենանք լիարժեք գծանշված փողոցներ:
Իսկ արագությունը նվազեցնելու մասին քաղաքապետի առաջարկը դեռ քննարկման փուլում է: Արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: Դե իսկ քաղաքապետը համոզված է, որ Երևանը բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 23.3%-ով՝ 343 դեպքից հասնելով 423-ի: Ընթացիկ տարվա ընդամենը 4 ամսում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:





