Ժամանակն է, որ հայերը շատ ավելի մեծ հաջողությունների հասնեն Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:
Վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները:
«Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի և պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով: Բնականաբար այդ հպարտությունը նաև պետք է նրանց ոգևորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում: Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ` նույնքան կարևոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը: Ուրախ եմ, արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձևավորված է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: