Արմավիրից կանայք էլ են մեկնում արտագնա աշխատանքի
Արմավիրի մարզից աշխատանքային կին միգրանտը ինքնուրույն է լուծում սեփական խնդիրները:
Արդեն 4 տարի մեկնում է գարնանը, վերադառնում աշնանը: Վարկային բեռը այրի կնոջը ստիպել է թողնել ընտանիքն ու հոգսը ուսերին աշխատանք գտնել Ռուսաստանի դաշնությունում:
Նոր Հայաստանում նոր փոփոխությունները հույսեր են արթնացրել՝ մնալ ու աշխատել հայրենիքում:
Լեռնային շրջանների բնակիչների համար Արմավիրի մարզը գյուղատնտեսական աշխատանքների տեսակետից դիտարկվում է աշխատաշուկա ունեցող մարզ: Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների սկսման պահից մինչև բերքահավաք ու այգեթաղ՝ հողում գործ կա անելու:
,,Գյուղատնտսական վարկեր վերցրեցինք, հողում գործ արեցինք, չստացվեց, հետո տոկոսներն ավելացան: Ես չկարողացա այստեղ աշխատանք գտնել, գիտեք, 35 տարեկանից բարձր տարիք ունեցողին շխատանք չեն տալիս, որովհետև մեծ են համարում,,:
,,Առվույտ ու ցորեն ենք ցանել, դրանք քիչ գործ են պահանջում,,:
,,Փաստաթղթերս թերի եմ կազմում, որովհետև օրինական աշխատանքի թույլտվության համար շատ գումար պետք է մուծեմ, մոտավորապես 20000-25000 ռուբլի: Ես այնտեղ թաքուն եմ աշխատում, հայերը շատ են, մեկս-մյուսին օգնելով աշխատում ենք,,: Ռուսաստանում աշխատանքային փորձ չունեցող կինը սկզբում աշխատել է մատնահարդար, հետո հայ գործատուների մոտ թխվածքներ է թխել, ապա աշխատել խանութներում: Ամռան շրջանում տեղափոխվում է ծովափնյա քաղաքներ և աշխատած գումարներն ամեն ամիս ուղղում Հայաստան՝ վարկերի կուտակված պարտքերը մարելու նպատակով:
Թեև ողնաշարի տարբեր տրամաչափի ճողվածքները երբեմն նրան անաշխատունակ են դարձնում, բայց Հայաստանում գտնված ժամանակամիջոցում դարձյալ աշխատանքի փնտրտուքի մեջ է: Աղջիկն արդեն մի քանի ամիս աշխատում է Երևանի բուժհասատատություններից մեկում, մի քիչ թեթևացրել է հոգսը: Աղավնի Հակոբյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Ասում է մինչև աղջկա աշխատանքի տեղավորվելը նրան էլ է տարել Ռուսաստան, ծովափնյա քաղաքում հուշանվերների խանութում է աշխատել, ինքը՝ բանջարեղենի և լողազգեստների: Վաստակել են, սակայն Հայաստանում ռուբլին արժեք չունի:
Հյուրընկալվելով Հակոբյանների ընտանիքում նկատեցի լավ մշակված տնամերձ հողամասը, որտեղ մոլախոտ չես գտնի: Աղավնու մոր՝ տիկին Սուսաննայի ձեռքի գործն է, սիրում է հող մշակել և ափսոսում, որ հիվանդության ու պարտքերի պատճատով չեն կարող լիարժեք աշխատել:
Տիկին Սուսաննան նույնպես սիրում է իր հայրենիքն ու ամուր կպած է հայրենի հողին, հնարավորություններ ունեցել է արտագաղթելու: Հայաստանի տնտեսական ճգնաժամի տարիներին Սուսաննայի հայրական ընտանիքը և հարազատները հաստատվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ ինքը մնացել ու ընտանիքին պահել է հայրենիքում: Նոր իրողության հետ հույսեր են կապում: Աղավնին հույս ունի, որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված արտագնա աշխատանքի էլ չի մեկնի, կմնա ընտանիքի հետ ու կաշխատի հայրենիքում: