Քաղաքական

ԱԺ արտահերթ ընտրություններ. նախընտրական ցուցակի լուրջ փոփոխություններ են սպասվում

Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկվել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը, որը կրկին կներկայացվի պատգամավորների քննարկմանը  եւ քվեարկությանը երկուշաբթի կայանալիք արտահերթ նիստում:

Հանրապետականն իր դիրքորոշումը չի փոխել փաստաթղթի վերաբերյալ՝ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը փաստաթղթի շուրջ նախորդ քննարկումներից մանրամասներ է փոխանցել՝ նշելով, որ եղել են պատգամավորներ, որոնք խոստացել էին գալ եւ կողմ քվեարկել, բայց այդպես էլ խոստումը չէին կատարել։

«Ելք» խմբակցության քարտուղարը հույս է հայտնել, որ երկուշաբթի արտահերթին բոլորը կգան:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ճակատագիրը դեռ մշուշոտ է, բայց քաղաքական ուժերն արդեն կողմնորոշվել են, թե ինչ են անելու դեկտեմբերին: Այստեղ ինտրիգը թերեւս հանրապետականի որոշումն է:

Առաջիկայում համաժողով են անելու եւ այնտեղ որոշեն իրենց նախընտրական ցուցակի առաջին համարները։ Առայժմ չի հստակեցվում՝ Սերժ Սարգսյանը կգլխավորի՞ ցուցակը, թե՞ ոչ: Հանրապետականի պաշտոնական հայտարարությունը կլինի մի քանի օրից:

Ապագա խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի հավակնություններ արդեն այսօր ներկայացնում է «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» ապագա դաշինքի ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը: «Ելք» դաշինքի մասին արդեն խոսում է անցյալով, այդպիսի դաշինք նոր խորհրդարանում չի լինելու: Ասում է՝ գնում են խորհրդարան փոխզսպելու համար: Առաջիկա ընտրությունների հաջորդ ինտրիգը «Ծառուկյան» դաշինքի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակն է:

Արդեն լուրեր են շրջանառվում, որ այս ուժի հայտնի դեմքերի՝ Գագիկ Ծառուկյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի անունները հնարավոր է այլեւս չհանդիպենք հաջորդ ցուցակում: Նախընտրական ցուցակի լուրջ փոփոխությունների հարցը պարզաբանում է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Դաշնակցությունն ընտրությունների հարցում չի դավաճանում սկզբունքներին՝ ճիշտ է համարում առանձին մասնակցությունը, առանց դաշինքների: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, սակայն, այս պահին ավելի շատ մտահոգում է ոչ թե առաջիկա ընտրությունների հարցը, այլ  Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարությունները:

Այստեղ զրույցների ընթացքում Բոլթոնը ակնարկել էր, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, եւ ճիշտ կլինի, որ Հայաստանը սկսի դիտարկել իրենցից զենք գնելու հնարավորությունը: Ադրբեջանում արդեն Բոլթոնի հետ զրույցներում ադրբեջանական կողմը բարձրացրել է Ազատության 907-րդ բանաձեւի լրացումը չեղարկելու հարցը:

Ինչ վերաբերում է զենքի վաճառքի, այսպես ասենք, առաջարկին, ապա դաշնակցական պատգամավորը չի կարծում, որ հնարավորությունն օգտագործելու դեպքում կարող է առաջանալ Ռուսաստանի դժգոհությունը:

Ռուստամյանի այս կարծիքը չի կիսում դաշնակցության նախկին կոալիցիոն գործընկեր հանրապետական Վահրամ Բաղդասարյանը:

Եթե այս մի հարցը մի կողմ դնենք, ապա քաղաքական գործիչներն ընդհանրապես Բոլթոնի այցը տարածաշրջան համարում են չափազանց կարեւոր եւ շատ հեռու նպատակներ հետապնդող:

Back to top button