
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երևանում է:
1997 թվականից ի վեր սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին այցն է Հայաստան, եւ այդ առումով այն շատ կարևորվում է:
Բոլթոնն արդեն հասցրել է հանդիպել ՀՀ վարչապետի, ԱԱԽ քարտուղարի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների, հետ, քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունների և, բնականաբար, արցախյան խնդրի կարգավորման մասին հարցեր:
Հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, և առհասարակ այս տարածաշրջանն է խիստ կարևոր ԱՄՆ համար՝ լրագրողների հետ հանդիպման հենց սկզբից հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Ասաց՝ եթե դեկտեմբերին նախատեսված ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը ուժեղ մանդատ ստանա, ապա վարչապետը լավ հանրավորություն կունենա մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար:
Ասաց՝ եթե համապատասխան պատրաստակամություն լինի, անհրաժեշտ կլինի աշխատել նաեւ ադրբեջանական կողմի հետ։ ԱՄՆ պատրաստ է աջակցել արցախյան խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և հնարավոր այլ եղանակներով նույնպես, քանի որ այս կարգավորումը բխում է ոչ միայն ՀՀ և Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ շահերից՝ հստակեցրեց Բոլթոնը:
«Ռադիոլուրի» հարցին, թե առաջարկվող «Տարածքներ՝ այսպես ասած խոստումների դիմաց» մոտեցումն ընդունվելու դեպքում՝ ով է պատասխանատու լինելու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգության համար, պատասխանեց՝ կողմերն իրենք պետք է որոշում կայացնեն։
Ազատության աջակցման 907 բանաձեւի ուղղման մասին «Ամերկայի ձայնին» տված հարցազրույցում Բոլթոնն ասել էր, որ Թրամփը կարող է դադարեցնել դրա գործողությունը: Այդ ակտի լրացմամբ արգելվում է, որ ԱՄՆ-ը պետական մակարդակով օգնություն տրամադրի Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Եվ այսօր լրագրողներին հետաքրքրում էր, որ եթե շրջանցվի այդ դրույթը, ու ԱՄՆ որոշի զենք վաճառել Ադրբեջանին, կփորձի՞ հավասարակշռություն պահպանել ու մատչելի գնով զենք վաճառել նաև Հայաստանին: «Այս պահին դեռ որոշում չկա կողմերին զենքի վաճառքի մասին՝ ասաց Բոլթոնը՝ նաև նկատառում անելով»,- ասաց Բոլթոնը՝ հավելելով «ՀՀ-ը հիմնականում զենք գնում է Ռուսաստանից»:
Այս հանգամանքը պետք է քննության առնվի ամերիկյան որոշումների շրջանակում՝ ավելացրեց նախագահի խորհրդականը:
Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում Բոլթոնը քննարկել է մեր երկրի կողմից Սիրիա հումատիտար նպատակներով զորամիավորում ուղարկելու հարցը և նկատել, որ Ամերիկան նույնպես հումանիտար օգնություն տրամադրում է Սիրիայի բնակչությանը։
Նա ասաց, որ Հայաստանում իրեն վստահեցրել են, որ դա մարդասիրական աջակցություն է և ռազմական ուղղվածություն չի ունենալու:
Ցանկացած երկրի համար սխալ է ռազմական ուղղվածությամբ Սիրիա զորախումբ ուղարկելը՝ նկատեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:




