1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները կներկայացնեմ երկուշաբթի. Դավիթ Սանասարյան
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները կներկայացնի վարչապետի պաշտոնակատարին:
Մանրամասները իրավապահները կներկայացնեն: Ուսումնասիրություններ են կատարվել տարբեր կրթական հաստատություններում և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությունների առաջին փուլը, ըստ էության, ավարտել է: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Լուսաշող» ՊՈԱԿ, Ագրարային համալսարան, Արտաշատ ՋՕ, Ազատամուտ համայնք ու ոչ միայն: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան.
«Բերքահավաք» է տեղի ունենում, մեր աշխատանքի արդյուքներն արդեն շոշափելի են, երկուշաբթի հետբերումների տեղեկանքները կներկայացնենք վարչապետի պաշտոնակատարին»:
Թե ինչ չարաշահումներ են, այս պահին դեռ փակագծերը չեն բացում: Դրանք իրավապահ մարմինները կներկայացնեն:
«Մենք վերջացրել ենք ագրարային համալսարանը, նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում կանի պետբյուջե: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում նույնպես»:
Արտաշատ ՋՕ-ի տնօրեն Մարտիկ Առաքելյանն այս պաշտոնում է մոտ երկու ամիս: «Ռադիոլուրի» հետ զրույցում ահա թե ինչ փոխանցեց.
«Մեր մոտ ուսումնասիրություններ են կատարվում, ես չարաշահումներից տեղյակ չեմ»:
Ազատամուտ համայնքում ուսումնասիրություններն ավարտին են մոտենում, այստեղ կան չարաշահումներ՝ ասաց Սանասարյանը:
Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դիտարկում արեց:
«Ես տաքսու շոֆեր չեմ, ես համայնքի ղեկավար եմ, չարաշահումներ կլինեն»:
Նա նաև հիշեցրեց՝ Ազատամուտը սահմանամերձ համայնք է: Մարտիրոսյանը երկար թվարկեց, թե ինչ է արել համայնքի համար, մի քանի անգամ հստակեցրեց՝ իր համար կարևորը սահմանապահ համայնքի բնակիչն է, հետո միայն ծրագրերը: