Հասարակություն

Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին հիշեցրել են իր խոստման մասին

Երուսաղեմի եկեղեցապատկան կալվածքների վերաբերեալ Իսրայելի պետության նախատեսած կարգադրությունները վերջին շրջանում հաճախ են քրիստոնեա հոգեւոր առաջնորդների անհանգստության եւ բողոքի պատճառ դառնում:

Բանը հասավ նրան, որ քրիստոնեա հոգեւոր առաջնորդները ոչ վաղ անցյալում՝ անցած փետրվարին փակեցին Ս. Հարության տաճարի դռները, երբ Երուսաղեմի քաղաքապետարանը որոշել էր տուրքեր գանձել եկեղեցապատկան կալուածքներից: Խնդիրը շարունակում է մնալ չլուծված, ավելին՝ որոշ տեղեկություններով նոր զարգացումների արդյունքում Երուսաղեմի հոգեւոր առաջնորդները մտադիր են կրկին փակել Ս. Հարության տաճարի դռները:

Պատճառը կրկին նույն օրենքն է, որը թեեւ որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն եկեղեցապատկան կալվածքների մտահոգիչ խնդիրը չի վերացել:

Նախորդ անգամ, երբ Իսրայելի պետությունը օրինագիծ էր բերել Կնեսեթ՝ փորձելով տուրքեր գանձել եկեղեցապատկան կալվածքներից՝ քրիստոնեա հոգեւոր առաջնորդները, ի նշան բողոքի, փակեցին Ս. Հարության տաճարի դռները: Այն ժամանակ ստեղծվեց հանձնախումբ՝ խնդիրները փոխըմբռնմամբ լուծելու համար: Այդ լավատեսությունը, սակայն, ստվերվել է: Թե ինչու՝ մեզ հետ զրույցում պարզաբանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգեւոր սպասավոր հայր Էմանուելը:

Թեեւ խնդրահարույց օրինագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել, սակայն, այդուհանդերձ, այն պետությանը հնարավորություն է տալիս բռնագրավելու եկեղեցապատկան կալվածքները: Օրինագիծն այս անգամ պաշտպանել է Իսրայելի արդարադատության նախարարը: Երուսաղեմի քրիստոնեա հոգեւոր առաջնորդները համատեղ ստորագրությամբ նամակով իրենց մտահոգություններն են փոխանցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահույին: Հույն, հայ եւ լատին եկեղեցիների հոգեւոր առաջնորդները նամակում զարմանք են հայտնել, որ Երուսաղեմի քրիստոնեա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ օրինագիծը ներառվել է Նախարարների խորհրդի քննարկման օրակարգ: Նրանք կոչ են արել Նաթանյահույին՝ միջամտել եւ մեկընդմիշտ կասեցնել այդ օրինագծի քննարկումը: Հոգեւոր պետերն այդ օրինագիծը որակել են ամոթալի՝ Բենիամին Նաթանյահույին հիշեցնելով, որ վերջինս մեկ տարի առաջ իրենց վստահեցրել էր, որ խնդրահարույց օրինագիծը ետ է կանչելու:

Հայ Էմանուելը նկատեց, որ Իսրայելում հիմա աջակողմյան ուժերը փորձում են առավել ազդեցություն ունենալ երկրի կառավարման մեջ, հետեւաբար՝ նման փորձերը կարող են կրկնվել՝ ազդելու քրիստոնեա եկեղեցիների վրա, ուստի պետք է ավելի զգոն լինել՝ կորուստներ չունենալու համար:

Իսրայելագետ Կարեն Վերանյանը, մեզ հետ զրույցում, խնդրին անդրադարձավ քաղաքական տեսանկյունից՝ նշելով, որ Երուսաղեմի հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության եւ եկեղեցիների գույքի պահպանման տեսանկյունից շատ կարեւոր է համարում հայ-իսրայելական քաղաքական նախադրյալները:

Եթե չկան խորքային հարաբերություններ, ապա հայկական պետությունը չի կարողանա լուրջ ու վերջնական միջամտել հայ համայնքի հետ կապված նման հարցերի եւ Իսրայելում միշտ էլ կգտնվեն ուժեր, որոնք կխոչընդոտեն հայկական կողմին պաշտպանելու իր շահերը՝ հավելեց իսրայելագետը: Ըստ նրա՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, բայց շատ բան կախված է մեզանից:

Հայր Էմանուելի կարծիքով նույնպես՝ յուրաքանչյուր հարաբերություն էլ կարող է օգտակար լինել, եթե դրանք դրական ուղղություն ունեն:

Նշենք նաեւ, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների հետ կապված խնդիրը նաեւ միջազգային լրատվամիջոցների քննարկման թեմա է դարձել:

Back to top button