

Կառավարությունում շարունակվում են Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագրի շուրջ քննարկումները: Մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են գործադիրում «Վալլեքս գրուպ» ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակցում:
Այս անգամ նրանք Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը քննարկել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ:
Երեկվանից գործարանի աշխատակիցները պարզաբանումների են սպասում, սակայն դրանք ուշանում են: Փոխարենն այսօր աշխատանքային պայմանագրերի լուծման ծանուցումներ են ստացել:
Այսօր «Ռադիոլուրին» որոշ պարզաբանումներ է ներկայացրել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն արդեն աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցումներ են ստանում: Դրանց օրինակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը:
«Արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել է «Արմինիան քամփըր Փրոգրամ» ՓԲԸ Մետալուրգիական արտադրամասի արտացոլիչ թ1 վառարանի շահագործման ժամանակավոր դադարեցում, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կատարելու ընկերության աշխատողների քանակի ու հաստիքների կրճատում»:
Իսկ այս ընթացքում կառավարությունում շարունակվում են Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագրի շուրջ քննարկումները: Հերթականը՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մոտ էր: Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը «Ռադիլուրին» փոխանցեց՝
«Կառավարությունը 24 ժամ զբաղվում է Ալավերդու պղնձաձուլարանի խնդրով: Առաջիկայում կհստակեցվեն անելիքները: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դրական լուծում ունենա այս ամեն ինչը, նաև աշխատողների համար»:
Սիսեռյանը հստակեցրեց՝ իր գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Չինական կողմի հետ քննարկում են երկրորդ պղնձաձուլարանի կառուցման հարցը:
«Մարդիկ ասում էին առաջին պղնձաձուլարանն իր բնապահպանական ու առողջական խնդիրներով բավարար չի, հիմա երկրո՞րդն եք ուզում բացել: Նրանք սխալ էին հասկացել՝ կամ մենք ճիշտ չէինք բացատրել: Աշխատանքային խումբը, որը ստեղծված է երկրորդ պղնձաձուլարանի համար, նպատակն է, որպեսզի առաջինը փակվի: Երկրորդ՝ արտանետումների քանակը՝ մոտ 95-98 տոկոսով կրճատվելու է, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը, փաստում է՝
«Բնապահպանական խնդիրները չափազանցված են, մնացածը՝ ասեմ, ամբողջ Ալավերդի քաղաքում գործարանը միակ աշխատատեղն է: Մարդիկ ապրում են այս գործարանի հաշվին: Քաղաքում ամեն ինչ կապված է պղնձաձուլարանի, պղնձաձուլարանի աշխատողի հետ։ Եթե այլընտրանք լիներ՝ նման արտադրության, գործարանի փակումը այսքան ցավոտ չէր լինի: Եթե գործարանը չլինի, քաղաքում մեծ աղետ է սպասվում»:
Զրուցակիցս կարծում է, որ գյուղատնտեսությամբ մեծ արդյունքի հնարավոր չի հասնել, հողերը քիչ են, քարքարոտ: Նշում է, որ հնարավոր է տուրիզմը զարգացնել, սակայն դա երկարաժամկետ լուծումներ է պահանջում:




