Հասարակություն

Նռան փառատոն՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Արցախ

Երեկ Արցախի Մարտունի քաղաքում աշնանային հերթական տոնն են նշել: Արդեն երկրորդ անգամ Նռան փառատոն է անցկացվել: 

Յուրօրինակ այս տոնը նվիրված է Արցախում կրկին արմատավորվող նռան մշակությանը:

Արդեն երկու տարի է, ինչ այգեգործությունը գյուղատնտեսական առաջնահերթություն է հռչակվել, իսկ նռան արտադրությունը այդ ճյուղի հավանական առաջատարն է համարվում:

Երեկ Արցախի Մարտունի քաղաքում Նուռն ամենուր էր: Եթե այգեգործները փառատոնի այցելուների ուշադրությունը գրավում էին համեղ ու մեծ պտուղներով, ապա մյուս մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել փառատոնին տեսարժան տաղավարներով ներկայանալու համար։

Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարված էր հասուն պտուղներով ճյուղերով, զարմացնում էին նռան բուրգերն ու գորգանախշերը,  փայլուն հատիկներով զարդարված տարբեր ուտեստները… Կարելի էր եւ նռան տեսքով թխավածքներ, գինի ու տեղում քամվող հյութ վայելել:


Նռան մշակությամբ Արցախում միշտ են զբաղվել, սակայն ոչ արտադրական նպատակներով: Երկու տարի առաջ կառավարությունը որոշեց  խթանել նաեւ այգեգործությունը, հատկապես այն պտուղների արտադրությունը, որ պահանջարկ ունեն արտերկրում: Շուկաների ուսումնասիրությամբ առաջատար ուղղություն ընտրվեց նռան մշակությունը: Արդյունքներն արդեն շոշափելի են՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Սանասար Գրիգորյանն իր այգու բարիքն է բերել Մարտունու կենտրոնական հրապարակ։ Նռան մշակությունն արդեն մի քանի տարի է հիմնական զբաղմունքն է:

Բերքի հիմնական գնորդներն ապրում են Արցախից դուրս: Փառատոնը սակայն միայն այգիների բարիքի ցուցադրության համար չէր կազմակերպվել։ Զուգահեռ Արցախում սովորում են  գինուց ու օշարակից բացի, այլ բարիքներ էլ ստանալ նռից:


Փառատոների կազմակերպման նպատակներից մեկն էլ հենց դա է, որ  մեր ժամանակակիցն ավելի լավ ճանաչի  հազարամյակներով մշակվող պտղի հատկությունն ու իր տնտեսության մեջ նրան ավելի մեծ դեր տա՝ նպաստելով այդ ճյուղի զարգացմանը:

Արցախում նռան այգիների հիմնադրման ծրագիրն արդեն նաեւ հետաքրքրվողներ ունի արտերկրից՝ օտարերկրյա ներդրողներ կան, որ Արցախի սահմանամերձ տարածքներում պատրաստվում են հարյուրավոր հեկտար այգիներ տնկել:

Ներդրողների անունները դեռ չեն հրապարկվում: Նռան փառատոնից հետո իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է կատարել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նշելով, որ   առաջիկա տարիներին կառավարությունն աջակցության տարբեր գործիքակազմերի միջոցով խթանելու է նռան նոր այգիների հիմնումը, նա  նաեւ նշել է, մեջբերեմ՝ «Ի հեճուկս բոլոր տեսակի քաղաքական հայտարարությունների՝ մենք խոպան թողնելու դաշտեր չունենք»։

Կարդացեք նաև

Back to top button