Սկանդալային ձայնագրությունները՝ ՏԻՄ ընտրարշավի ինտրիգ
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 49 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Սակայն այդ համայքներից առավել ուշադրության կենտրում են չորսը՝ Արմավիրը, Հրազդանը, Էջմիածինը և Կապանը:
Ենթադրվում էր, որ քարոզարշավը շատ բուռն էր լինելու, սակայն այն անցավ շատ հանգիստ մթնոլորտում: Թերևս որոշակի ինտրիգ նկատվեց Հրազդան քաղաքում, երբ թեկնածու առաջադրվեց ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելին որդին՝ Սևակ Միքայելյանը:
Ինտրիգն այն էր, որ ՔՊ կուսակցությունը շտապեց հայտարարել, որ չեն պաշտպանելու Սևակի թեկնածությունը։ Արդեն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ընտանեկան ավանդույթները չպետք է լինեն քաղաքական: Թվում էր, թե այս ամենով պետք է ավարտվեր Հրազդանի շուրջ ստեղծված ինտրիգային իրավիճակը, սակայն երեկ երեկոյան պատկերը փոխվեց:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
Հետո արդեն Միքայելյանի նախընտրական շտաբը հերքեց սա՝ այն որակելով սադրանք։ Հայտարարեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ- ից ի պատասխան նշեցին, որ Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, քանի որ իրենք որևէ դատապարտելի արարք չեն կատարել: Այս գործին խառնվեց նաև մարզպետը։ Նա Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին «Խիստ նկատողություն» հայտարարեց:
Եթե այս դեպքում թեկնածուի շտաբը հերքեց ձայնագրություն փաստը, ապա մեկ այլ ոչ պակաս աղմկահարույց ձայնագրության համար ներողություն խնդրեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը։ Այսօր համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ նրա հայրը՝ Մնացական Գասպարյանը, զանգահարում է դստեր հասցեին գրառումներ կատարած Գեղամ Մանուկյան անունով քաղաքացուն, որը բնակվում է եվրոպական երկրներից մեկում, և սպառնում իրան։
Էջմիածնի քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Վազրիկ Գրիգորյանն առաջին անգամը չէ, որ հավակնում դառնալ Էջմիածնի քաղաքապետ: Ու թերևս նրա քաղաքապետ դառնալու հավակնությունները չեն արդարացել, սակայն 13 տարի եղել է փոխքաղաքապետ, ընդ որում, նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի իշխանության տարիներին: Ասում է, որ 3 տարի եղել է Էջմիածնի փոխքաղաքապետը և աշխատել անթերի ու անբասիր:
Որքանով են այս թեկնածուների ասածները հիմնավոր՝ փորձեցեինք պարզել հենց Դիաննա Գասպարյանից։ Վերջինս «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ իրենք ծրագրային դրույթները ներկայացրել են բուկլետներով, եթե հարցեր եղել՝ պատասխանել են բնակիչներին: Դիանա Գասպարյանը 3-րդ հանրապետության առաջին կին քաղաքապետի պաշտոնակատարն էր։ Հենց այս փաստն էլ Նիկոլ Փաշինյանը օգտագործելով երեկ հանրահավաքում հայտարարեց, որ էջմիածներցիները ընտրություն կատարելուց առաջ սա պիտի հաշվի առնել.
Վարչապետն այսօր արդեն Կապան համայնքում է, այս անգամ էլ՝ ի պաշտպանություն քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանի։
Հրազդան վարչապետն այդպես էլ չգնաց։