հրապարակված 12.43
լրացված 18.05
Պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Սա Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալություն տեքստից մեկ հատված է.
Այս տեքստը այսօր համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի՝ ի պահ հանձնվեց մայրաքաղաքի թանգարանին: Իսկ հետո Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով լանջաշղթան կախեցին նորընտիր քաղաքապետի վզին։
«Վերականգնել Երևանը, մաքրել, կանաչապատել այն, դարձնել հասանելի ամեն մի վայր, գործել արդարության սկզբունքով; Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ հենց այդպես էլ լինելու , որովհետև իր քաղաքը, կամ երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող վարվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սիրում ու խենթանում է Երևանի համար: Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին վստահության համար:
Շնորհավորանքի հերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր: Արդեն ելույթում նա խոսեց քաղաքապետարանում ներկայացված թիմի առաքելությունը մասին:
«Մարդկանց չխաբելն է, ազնվությունն ու սեփական սխալներն ընդունելու, սխալվելու դեպքում ներողություն խնդրելու կարողությունը»:
Վարչապետը ընդգծեց նաև, որ իրենք պետք է երաշխավորեն, որ նոր կառավարությունում և նոր քաղաքապետարանում գողեր չկան, քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ իր վճարած հարկերը կծառայեն միայն քաղաքի ու երկրի զարգացման համար:
Հետո արդեն Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ավագ սերնդի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ազնվորեն աշխատել են Երևանի կառուցման ու զարգացման համար, վստահեցրեց, որ անկախ տարիքից և կուսակցական պատկանելությունից` ավագ սերնդի փորձառու մասնագետները պետք է վստահ լինեն, որ շարունակելու են աշխատել:
Վարչապետն անթույլատրելի է համարեց քաղաքական ռասիզմը, հայտարարեց, որ համագործակցության են հրավիրում բոլորին, ովքեր պատրաստ են նվիրվել համազգային երազանքներն իրականություն դարձնելու գործին: Համագործակցության համար բաց է նաև քաղաքապետը, արդեն երդմնակալության արարողությունից հետո ասաց Հայկ Մարությանը:
Նախկին քաղաքապետերից ոչ ոք ներկա չէր երդմնակալության արարողությանը, թեեւ հրավերներ եղել էին:
Հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: