ՀՀ վարչապետ.«Բոլոր մարմինները պետք է քաղաքացիներին սպասարկեն նույնականացման քարտերով՝ առանց անձնագիր պահանջելու»


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի տնտեսությունում շինարարության ոլորտի անկումը պետք է աճով փոխարինվի, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան այս տարվա առաջին 2 ամիսներին արդյունաբերության ոլորտում գրանցած երկնիշ տնտեսական աճը գոհացնում է, սակայն մտահոգում է շինարարության ոլորտի անկումը:
«2012-ին առաջին անգամ կասեցվել է շինարարության ոլորտի անկման միտումը, սակայն այս տարվա հունվար-փետրվարին 8 տոկոսային կետով անկում է գրանցվել: Մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում պետական ծրագիր իրականցնել»,-հայտարարել է վարչապետն ու էկոնոմիկայի, քաղաքաշինության, ֆինանսների նախարարներին ու Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարել շինոլորտի վերաբերյալ մեծ խորհրդակցություն անցկացնել: Նախատեսվում է այդ խորհրդակցությանը հրավիրել ոլորտի առաջատր ձեռնարկությունների ներկայացուցիչների, որպեսզի վերջինները ներկայացնեն իրենց մոտեցումները և օգնեն հասկանալ, թե ինչով կարող է պետությունն աջակցել շինարարության ոլորտին:
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է նաև նույնականացման քարտերի վերաբերյալ քաղաքացիների հարցադրումներին:
«Հանրապետության բոլոր մարմինները պետք է աշխատեն նույնականացման քարտերով և քաղաքացիներին սպասարկեն դրանցով` առանց անձնագիր պահանջելու»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ 2014 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը և քաղաքացիներն իրենց անհատական հաշիվները պետք է ստուգեն միայն նույնականացման քարտերով:
«Այսօր մենք հարցադրումներ ենք ստանում` արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից և արդյոք իրենից չպետք է անձնագիր պահանջեն: Ունենք բողոքներ, որ տարբեր մարմիններում քաղաքացուց բացի նույնականացման քարտից պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»,- ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պարզաբանել է, որ օրենքի համաձայն` նույնականացման քարտը ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է և անձնագիր պահանջելը ոչ իրավաճանաչ գործառույթ է: «Այդ մասին բազմաթիվ իրազեկումներ են եղել: Նույնականացման քարտն անձնագրին փոխարինող փաստաթուղթ է»,- ընդգծել է Օսիկյանը:
Միաժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել են վերը նշված դեպքերը, պարզապես անձնագիր պահանջողները տեղեկացված չեն եղել, որ նույնականացման քարտն անձը հաստատող փաստաթուղ է»,- ասել է Դավիթ Սարգսյանը:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին` կատարել անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի հաջորդ տարվա հունվարի մեկից բոլոր մարմինները պատրաստ լինեն սպասարկել քաղաքացիներին նույնականացման քարտերով:
Մինչ այժմ հանրապետությունում նույնականացման քարտ է ստացել 62 հազար քաղաքացի: