

Արդեն 6-րդ տարին ամբողջ աշխարհում հոկտեմբերի 11-ը հատուկ օր է նրանց համար, ովքեր աղջիկ-երեխա ունեն: Աղջիկների դերը թերագնահատվա՞ծ է, թե՞ իսկապես տղաներն ինչ-որ առավելություններ ունեն:
Այսօր՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առիթով «Ռադիոլուր»-ը պարզել է՝ դժվար է արդյո՞ք Հայաստանում աղջիկ լինել:
Եթե չծնվեր Մարիա Սկլոդովսկա-Կյուրին, քիմիայի և ֆիզիկայի բնագավառները կլինեին թերի, եթե Կոկո Շանելը դեմ չգնար հասարակության կարծիքին և ապրեր այնպես, ինչպես սովոր են տեսնել կանանց, նորաձևության աշխարհում հեղափոխություն չէր լինի, եթե ԱՄՆ 32- րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը չամուսնանար Էլեանորա Ռուզվելտի հետ, աշխարհի քաղաքական ընթացքը գուցե այլ ուղղությամբ ընթանար:
Ես տվեցի ընդամենը երեք կնոջ անուն, որոնց կողքին կարելի է ավելացնել հարյուրավոր անուններ ու հասկանալ, որ կանայք փոխում են աշխարհը:
Իսկ ի՞նչ գիտենք՝ քանի Մարիա Կյուրիից ու Կոկո Շանելից են հրաժարվել դեռ չծված՝ միայն նրա համար, որ կին են:
Հոկտեմբերի 11-ին, որ նաև Էլեանորա Ռուզվելտի տարեդարձն է, աղջիկ-երեխաների միջազգային օրն է։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2012-ին:
Եթե կա առանձնացված նման օր, ուրեմն խնդիր էլ կա՝ վստահ է «Վորլդ վիժն» Հայաստանի ՝ «Հոգածություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը:
Դժվա՞ր է Հայաստանում կին ծնվելն ու լինելը. պատասխանում է ծրագրի ղեկավարը:
Հայաստանում շատերը դեռևս այն կարծիքին են, որ ապագա երեխայի սեռը կնոջից է կախված, և եթե ընտանիքում միայն աղջիկներ են ծնվում, դրա համար կինն է «մեղավոր»:
Աղջիկ-երեխաներին ավելի քիչ են սպասում, որովհետև մեր հասարակությունում կանայք որոշումներ կայացնողներ չեն:
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվերը վերջին տարիներին կրճատվում են, սակայն հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման հարցում անելիքները դեռ ավելի շատ են, նշում է Սեւան Պետրոսյանը:




