

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Քննարկվել են ներքաղաքական իրավիճակի այս փուլին վերաբերող հարցեր:
Վարչապետն ասել է, որ խորհրդարան գալու շառժառիթը ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունն է: Այն Փաշինյանը խելամիտ է որակել:
Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի ՝ մասնակցելո՞ւ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ: Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ երբ կուրվագծվի ընտրությունների օրը, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն որոշում կկայացնի: Բաղդասարյանը, սակայն, չի բացառում արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ դառնալու հեռանկարը:
«Որևէ մեկին ընդմիշտ տրված չէ իշխանություն կամ խորհրդարանական ուժ լինելու մենաշնորհը»:
Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության հիմնավորումները ՀՀԿ-ն չի ընդունում, բայց այդ դիրքորոշմամբ հանդերձ՝ վարչապետի իր թեկնածուն առաջադրել չի պատրաստռվում: Նման մտադրություն խմբակցությունը չի ունեցել և չունի՝ ընդգծվում է ՀՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ Հանրապետականը կառավարության գործունեությանը չխոչընդոտելու մարտավարություն է որդեգրել , թեկնածու առաջադրելն այդ դիրքրոշմանը կհակասեր:
ՀՀԿ-ի հայտարարությունն այսօր ստիպել էր խորհրդարան գալ վարչապետին: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ, քննարկվել է ներքաղաքական ստեղծված իրավիճակը կայունության ու հանդարտության պայմաններում հանգուցալուծելու հարցը: Վարչապետը կարծում է, որ ՀՀԿ-ի հայտարարությունը դրան նպաստել է:
«Իմ այցի նպատակը քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայունության ու հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է: ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով: Խելամիտ հայտարարություն է»:

Վարաչպետն ասում է, որ կառավարությունը հրապարակել է իր սցենարը, այն չի փոխվել ու շարունակում է ուժի մեջ մնալ: Այսինքն՝ օրակարգում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն է, իսկ որպես խորհրդարանի լուծարման ընտրված տարբերակը վարչապետի հրաժարականն է: Թե երբ է լինելու հրաժարականը, դեռ պարզ չէ: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հաշվարկների հարց է:
ՀՀԿ-ի հայտարարությունը հաջորդեց ԲՀԿ-ի առաջնորդի հետ կառավարության ղեկավարի հետ հուշագրի ստորագրմանը և Հնարապետական մի խումբ պատգամավորների սկսած ստորագրահավաքին, որով նրանք հայտարարում են, որ պաշտպանում են, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը: Երեկ ստորգարահավաքին մաիացած պատգամավորների թիվը 16 էր, այսօր՝ 18: Փաստաթուղթը վերջինը ստորագրել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Ռոբերտ Սարգսյանը: Երեկ , ի դեպ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն չէր բացառել, որ Հանրապետական պատգամավորները ճնշումների են ենթարկվել: Այս հայտարարությունը Աշոտյանն արել էր առանց կոնկրետ անուններ նշելու:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը՝ իր բոլոր հնարավորություններով: Անգամ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ: Բայց չեմ բացառում, որ եղել են նաև ինքնակամ կարծիք փոխած պատգամավորներ»
Մեկնաբանելով Աշոտյանի այս հայտարարությունը՝ վարչապետն այսօր նկատեց՝ ճնշում հանրապետական պատգամավորների նկատմամբ եղել է, բայց ոչ իշխանությունների կողմից:
«Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր Ազգային ժողովի շատ պատգամավորներ իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել»:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մի քանի ամսվա քննարկումներից հետո Ընտրական օրենսգքրի նոր նախագիծը պետք է ընդունվի, և ընտրությունները պետք է անցկացվեն նոր կարգավորումներով, բայց նաև նշում է, որ պատասխանատվությունն արդեն խորհրդարանինն է: Եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել փոփոխությունները, արտահերթը կանցկացվի Ընտրական հին օրենսսգրքով:




