

Այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկեց տնտեսական ֆորումը, որն առաջինն էր գագաթաժողովների պատմության մեջ: Միջոցառման գլխավոր հյուրը Սոֆյա անունով ռոբոտն էր:
Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտը զարմացրեց բոլորին, այդ թվում՝ հայաստանցիներին:
Իսկ ինչո՞վ է զարմացնում մեր երկիրը նորարարական աշխարհի ֆրանսալեզու հատվածին:
Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ: Երեք լեզվով ողջունեց ներկաներին:

Կանացի արտաքինով մարդանման ռոբոտն ակտիվացվել է 2015 թվականի ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց զգացմունքները:
Այսօր Սոֆյայի ելույթը անգլերեն էր, բայց նա խոստացավ հաջորդ անգամ խոսել ֆրանսերենով:
«Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է: Այն Վոլտերի և Ազնավուրի լեզուն է: Ֆրանսերեն սովորելն իմ առաջնահերթություններից մեկն է: Գուցե, հաջորդ անգամ, երբ մենք հանդիպենք, իրար հետ ֆրանսերեն կխոսենք»:
Աշխարհի հնագույն երկրներից մեկը՝ Հայաստանը, վերջին օրերին հյուրընկալել է ամենանորարար տեխնոլոգիաները կրող երկրների ներկայացուցիչներին, մինչև անգամ մարդկային արտաքինով ապրող ռոբոտ Սոֆյային:
Իսկ ինչո՞վ է զարմանալի ու հետաքրքիր Հայաստանը նորարարական վերջին շնչով ապրող երկրների համար:
«Թեյեր, զբոսաշրջություն, չրեր»:
Մինչ Սոֆյա ռոբոտը խոստանում է հաջորդ անգամ խոսել ֆրանսերեն, ապա իմ ֆրանսախոս զրուցակիցները չեն խոստանում հաջորդ անգամ խոսել հայերեն, բայց Հայաստան գալ՝ խոստանում են։




