

Վայոց ձորի մարզի Գոմքի բնակիչ Կարեն Ասլայանը 10 տարի առաջ որոշեց Գոմքը դարձնել տուրիստական վայր: Գնեց մեկ ձի, հետագայում մեկը դարձավ երկու, այսօր արդեն ունի մոտ 20 ձի: Նրանց մասին զբոսաշրջիկները տեղեկանում են համացանցի միջոցով, այստեղ գալիս են հիմնականում ձիավարության համար:
Սկզբնական շրջանում զբոսաշրջիկները գիշերում էին վրաններում, բայց հետագայում Ասլանյաններն սկսեցին վարկային միջոցներով ձեռք բերել գյուղի կիսախարխուլ տները, վերանորոգել՝ գրավիչ պայմաններ ստեղծելով զբոսաշրջիկների համար:
Կինը՝ Մերի Ջանոյանը, պատմում է, որ այս ամենը կյանքի կոչվեց միայն ամուսնու լավատեսության շնորհիվ: Մերին հերթով թվարկում է բոլոր այն երկրների անունները, որտեղից այցելել են: Աշխարահագրությունը բավականին լայն է՝ Կորեայից մինչև Գերմանիա, Ֆրասնիա… Ասում է, որ զբոսաշրջիկներին ոչ միայն իրենց բնությունն է գրավում է, այլև ընտանեկան ջերմությունն ու տնական պատրաստված ուտելիքները:
Զրուցակիցս ավելի քան համոզված է, որ ավելի շատ կայցելեն Գոմք, եթե գյուղ մտնող ճանապարհները բարեկարգ լինեն:
Ասլանյաների ընտանիքը պատրաստվում է գյուղում գտնվող մեկ այլ կիսախարխուլ, սակայն ոչ պատահական տուն գնել։ «Այս տանը ապրողը միշտ սիրահարվել է, դրա համար ասում են սիրո տուն։ Ուզում ենք հենց այդ անվան համար»:
Գոմք համայնքը ժամանակին ադրբեջանաբնակ էր: 90-ականերին այն վերաբնակեցվել է հայերով: Խոշորացումից հետո միացվել է Զառիթափ համայնքին։ Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում ասում է՝ երբ 2014թ -ին առաջին Էկո փառատոնը կազմակերպեցին շատերը թերահավատորեն ասում էին, թե Գոմքում ինչպե՞ս պետք է զբոսաշրջությունը զարգացնել, ով կայցելի գյուղ։ Այսօր շատերն իրենց տները վերանորոգում են, որպեսզի տուրիստներ ընդունեն: Գյուղապետին խնդրում ենք մեզ ուղեկցել մոտակա գեղատեսիլ վայրերից մեկը՝ հասկանալու համար, թե ի՞նչու են աշխարհի տարբեր ծայրերից շատերը նախընտրում այցելել Գոմք:
Մխիթար Հովհաննիսյանն ասում է, որ նման ծրագրեր պետք է շատ իրականացվեն, որպեսզի գյուղացին իր հողը չլքի։ Գյուղի մեկ բնակիչը հավասարազոր է քաղաքում ապրող 150 բնակչի՝ նշում է:
Ու թերևս մեր զրույցը ավարտում ենք լավատեսական նոտայով. Հարցնում եմ՝ ծնելիության մակարդակը վերջին տարիներին աճո՞ւմ է։ Պատասխանը առավել քան հետաքրքիր էր:
Գուղապետ ընտրվելուց հետո ծնելության մակարդակը բարձրացել է, քանի որ մարդիկ հավատ ունեն վաղվա օրվա նկատմամբ՝ ասում է:
Ի դեպ՝ լրագրողական այցը կազմակերպվել էր Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կողմից:




