
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ կառավարությունում հուշագիր են ստորագրել 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Հուշագրի համաձայն, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ-ի արձակմանը հասնելու նպատակով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Հայաստանի վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ այլ թեկնածուի:
Մինչ փաստաթղթի ստորագրումը՝ վարչապետն ու ԲՀԿ առաջնորդը բաց հանդիպում են ունեցել լրատվամիջոցների համար: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարժման սկզբից աջակից է եղել հեղափոխությանը:
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ երեկ 18:30-ից կառավարության շենքի ներսում է եղել: Լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասել է, որ շահագրգիռ, շատ օգտակար քննարկում են ունեցել՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված: Նա հույս է հայտնել, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: ՀՅԴ ԳՄ անդամը, սակայն, չի ասել, թե արդյոք պատրաստ են հետևել ԲՀԿ-ի օրինակին և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրել:




