Հասարակություն

Արցախում ողջունում են վարչապետի տիկնոջ խաղաղության նախաձեռնությունը, բայց վերապահումներ ունեն

լուսանկարը՝ Արցախպրեսի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Երեկ արցախա-ադրբեջանական շփման գծում խորհրդանշական արարողություն է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  եւ Արցախի Հանրապետության նախագահի տիկին Անահիտ Սահակյանի ուղեկցությամբ՝ առաջնագիծ էին այցելել  Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների գործիչներ, որոնք արձագանքել էին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ իրենց ձայնը միացնելով  հակամարտության գոտում խաղաղության հաստատման կոչին:  Արցախի քաղաքական ու հանրային շրջանակներում այս նախաձեռնությունը ողջունել են, բայց խաղաղությանը մշատպես կողմնակից արցախցիները վերապահումներ ունեն:  

 

Նախաձեռնությունը ողջունել է  Արցախի նախագահը: Բակո Սահակյանը տիկնոջ հետ ընդունել են Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախ այցելած  ռուս կին գործիչներին: Ընդունելության  մանրամասները «Ռաիոլուրին» փոխանցեց  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Նա նախկինում խաղաղասիրական  մի շարք  նախաձեռնությունների է մասնակցել: Դրանք  անարդյունք էին։ Իլհամ Ալիեւի վարչակարգի օրոք ընդհանրապես խզվել են բոլոր կապերը՝ ասում է:

Արցախցի  իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն ադրբեջանցիների հետ խաղաղությամբ հարցերը կարգավորելու մասին մտածում եւ գործում էր դեռ պատերազմի օրերին: «Ռադիոլուրի» հետ զրույցում  նա վերհիշեց Անահիտ Բայանդուրի եւ Արզու Աբդուլաեւայի հետ  իրագործած ծրագրերը, 1995-ի մայիսին հաջողվեց, օրինակ, բոլոր ռազմագերիներին փոխանակել, փոխայցելություններ էին կազմակերպվում Բաքու եւ Ստեփանակերտ: Իր գործունեությունը չդադարեցրեց նույնիսկ Բաքվում ծեծվելուց հետո: Սակայն այսօր, իր բնութագրմամբ, Կովկասի ամենավաստակաշատ խաղաղասերն ասում է՝ ապրիլյան պատերազմը վերջ դրեց իլյուզիաներին, որ խաղաղություն քարոզելով կարելի է  կանգնեցնել կռիվը:

Գնահատելով   Աննա Հակոբյանի քայլը՝ Կարեն Օհանջանյանը ասում է. «Վատ չէ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ քարոզչությամբ կարող են մտափոխ անել մեր թշնամուն»։

Արցախցի արվեստագետ, հասարակական գործիչ Ջուլիետա Առստամյանը նախկինում խաղաղարար ծրագրերի մասնակից եղել է։ Ադրբեջանցիների հետ շփումներ կային՝ ասում է: «Բուկլետ էինք հրատարակել, որտեղ  փորձել ենք շփումների հաստատման  ծրագիր ներկայացնել,  Խաղաղարարի էթիկայի կոդեքս էինք մշակել,  կոչով դիմել էինք հայ եւ ադրբեջանցի կանանց: Գուցե մեր ջանքերը բավարար չէին այն ժամանակ»:

Նախկին փախստական, պատերազմում ամուսնուն կորցրած կինը  հավատում է, որ երկու ազգերի միջեւ երկխոսությունն այնուամենայնիվ հնարավոր է եւ կանանց դերը մեծ է. «Տղամարդը հերոս է, նա գնում է, զոհվում է, եւ  կանանց  է  բաժին հասնում դառնությունը: Նրանք ոչ միայն հարազատի կորստի հետ պետք է ապրեն, այլեւ  նոր կյանք կառուցեն: Պետք է  փորձել մյուս  կողմի կանանց  սրտին հասցնել մեր ձայնը: Վաղ թե ուշ  այնտեղ իրավիճակ է փոխվելու»:

Փամփուշտներից զարդեր պատրաստելը խորհրդանշական արտահայտություն է: Ոչ ոք  զենքը ցած դնելու մասին չի մտածում՝ կարծում է զրուցակիցս: Բայց որոշ քայլերից այնուամենայնիվ պետք է սկսել. «Օրինակ, կարելի է չէ՞ սկսել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելով , թշնամու կերպարի ստեղծման քայլերից հրաժարվելով: Ցավոք, այս ուղղությամբ առայժմ ավելի շատ մեր կողմում ենք աշխատել: Բայց փորձերը չպետք է դադարեցնել»:

Իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը հիշեցնում է հանրահայտ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» թեզը: Ասում է, որ հարգում է բոլոր  խաղաղասերներին ու նրանց համոզմունքները, բայց  ուզում է, որ հայկական կողմից ավելի շատ ուժի քարոզ հնչի: Այդպես ավելի հեշտ խաղաղություն կապահովվի՝ հավաստիացնում է նա:

Back to top button