Հասարակություն

Արդո՞ք աշխատանքի բացակայությունն է տղամարդկանց ստիպում մեկնել արտագնա աշխատանքի

Տարիներ շարունակ հայկական իրականությունում ընդունված է  ասել, որ տղամարդիկ արտերկիր են մեկնում աշխատանք չունենալու պատճառով, սակայն Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն ու հոգեբան Մարիամ Հերգնյանն այլ  դիտարկումներ  են ներկայացնում։  

 

Ինչո՞ւ են Հայաստանից հեռանում, իսկ ավելի կոնկրետ՝ արտագաղթում տղամարդիկ։ Առաջին հայացքից ամենապարզ պատասխան ունեցող հարցը, սակայն, իրականում այնքան էլ պարզ պատասխան չունի` ըստ Ալավերդի խոշորացված համայնքի  ղեկավար Սասուն Խեչումյանի:

Նա իր ղեկավարած համայնքից արտերկիր գնալու այլ պատճառներ է նշում։ «Գիտե՞ք ինչքան հեշտ է գնալ, աշխատել ու 300 դոլար ուղարկել: Ամեն երեկո կնոջդ չտեսնես, երեխուդ լացի ձայնը չլսես, գիշերը ում ծոցը ուզես՝ քնես, ամեն օր ատամներդ  չլվանաս, ամեն օր չթրաշվես, քանի որ  կնոջ հետ հարաբերությունը ինչ-որ բան պահանջում է։ Նրանք այդպես են սովորել: Նրանք իրենց առօրյա հոգսից են փախչում, նրանց փող պետք չի»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը վստահեցնում է՝  աշխատանք փնտրող տղամարդն իրենց մոտ անպայման այն կգտնի։ «Ինձ ցույց տվեք մեկին, ով ուզում է 5 հազար դրամ աշխատի, բայց չի կարողանում: Բոլորը ուզում են քաղաքապետի կաբինետի հավաքարարը լինեն: Հայաստանում, Ալավերդիում  չկա տղամարդ, որը քթի ծակ ունի,  աշխատելու ցանկություն ունի ու չի գտնում աշխատանք»:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Հերգնյանը,  աշխատանքային փորձն աչքի առաջ ունենալով, «Ռադիոլուրի» հետ  զրույցում, անդրադառնալով արտագաղթի բացասական հետևանքներին, նախ մատնանշում է  ընտանիքում  հոր բացակայության ազդեցությունը  երեխաների  հոգեբանության վրա։

Հոգեբանն ընդգծում է ՝ ընտանիքում ներդաշնակությունը  մայրն է  ապահովում, օրենքները՝ հայրը։ «Հոր բացակայությունը, որը մենք շատ հաճախ տեսնում ենք ընտանիքում, վկայում է, որ օրենքի ներկայությունը և հոր ջերմությունը բացակայում է»:

Հերգնյանը կիսում է  Ալավերդու քաղաքապետի կարծիքը՝ միշտ չէ, որ հայ տղամարդիկ արտերկիր են մեկնում աշխատանքի բացակայության պատճառով: Շատ հաճախ անգամ ընտանիքում նրանք փախուստի մեջ են կենցաղից ու հոգսերից։ Ցանկության դեպքում հնարավոր է աշխատանք գտնել ու չհեռանալ երկրից, սակայն այստեղ գերիշխողը «թաքնված հարաբերություններն են»՝ ասում է։

Back to top button