Արտահերթ ֆրանկոֆոնիա
ԱԺ այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները երկու ընթերցումով ընդունեցին հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային համարելու կառավարության առաջարկը: Աշխատանքային օրերը տեղափոխվում են հաջորդող շաբաթ օրերին: Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Հայաստանն ընդունելու է բազմաթիվ հյուրեր ֆրանսալեզու երկրներից, որոնք ժամանում են այստեղ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Տարբեր երկրների նախագահներ, վարչապետեր եւ նախարարներ են գալու: Հյուրերի անվտանգության ապահովման եւ մեծ խցանումներից խուսափելու համար է որոշվել տեղափոխել աշխատանքային օրերը: Այս անմեղ հարցը, սակայն, խորհրդարանում կրկին քաղաքական քննարկումների եւ վեճերի պատճառ դարձավ:
ԱԺ ղեկավարությունը եւ օրենսդիրում որեւէ մեկը կառավարությունից դեռ չեն ստացել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր: Ըստ էության՝ լուրը հաստատում են եւ օրենսդիրում, եւ գործադիրում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետականից պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր արտահերթ նիստի ընթացքում փորձեց հստակեցնել կառավարության մտադրությունները՝ հարցն ուղղելով փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին:
Նախկինների եւ նորերի պայքարը նիստերի դահլիճում սրանով չավարտվեց: Հանրապետականից Մարգարիտ Եսայանի ելույթից հետո նրան հակադարձեց «Ելք» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Մինչ այս վեճը Մարգարիտ Եսայանը հորդորում էր կառավարությանը չսեփականաշնորհել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ողջ դրական արդյունքը:
ԱԺ նիստերի դահլիճում լարվող մթնոլորտը փորձեց մեղմացնել փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է արդեն բովանդակային քննարկումներին, ապա Հայաստանի ամենամեծ սպասելիքը կազմակերպվող միջոցառումից հատկապես տնտեսական համաժողովից է, որտեղ կարող են ձեռք բերվել նոր կապեր եւ նոր պայմանավորվածություններ: Հստակ ուղղությունները նույնպես արդեն հայտնի են: Լսենք փոխարտգործանախարարին:
Հանրապետականից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նաեւ այլ տեսանկյունից է գնահատում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային միջոցառումների կազմակերպումը: Շեշտը դնում է հատկապես քաղաքական մեծ արդյունքի վրա:
Ի դեպ՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ է: Սպասվող գագաթնաժողովին Հայաստանը դառնալու է այդ կազմակերպության նախագահող երկիր՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով, պարտականություններով եւ իրավունքներով: