Հասարակություն

Боже мой․ վրաստանյան ուտեստները համտեսելիս Ազնավուրը կրկնում էր հոր խոսքերը

Հարևան Վրաստանում, որը կապված էր Ազնավուրի հետ, հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում։ Ծաղիկներ են խոնարհվում նրա հոր ծննդավայր Ախալցիխեի Ռաբաթ բերդում բացված Շառլ Ազնավուրի աստղի և քաղաքի հայկական թիվ երեք դպրոցում տեղադրված Ազնավուրենց հուշաղբյուրի մոտ։ Թբիլիսիում ՀՀ դեսպանատանը երեկվանից բացված սգո մատյանում գրառումներ են անում նրա երկրպագուները, մարդիկ, ովքեր նրան ուղեկցել են  Վրաստանում:

 

Ազնավուրը Վրաստան է այցելել երեք անգամ՝ առաջին այցը 90 –ականների սկզբին է եղել, երբ խոստացել է՝ «Ես էլի կուգամ ու համերգ կուտամ» ։

Գրեթե ամեն անգամ նա եղել է հոր ծննդավայր Ախալցիխեում, որի մասին պատմություններ ընտանիքում  հաճախ է լսել։ Նա տեղացիների մոտ եղած լուսանկարները տեսնելով, կարողացել է հստակ ասել, թե ովքեր են իր բարեկամներն ու ինչով են զբաղվել։

Նրա նախնիները ջուրն անտառից հասցրել էին Ախալցիխե, աղբյուր կառուցել, այսօր Շառլի պապական տան տարածքում թեև այն այլևս չկա, սակայն, քաղաքի բնակիչներն այդ վայրը շարունակում են անվանել Ազնավուրենց աղբյուր։ 2005-ին, երբ Ազնավուրն այցելում է Ախալցիխե, տեղի քանդակագործ Ալեքսանդր Իգիթխանյանի նշանավոր Ազնավուրենց աղբյուրը քանդակը վերահաիմնված է լինում քաղաքի թիվ 3 հայկական դպրոցի նախասրահում․

«Մինչ այդ եկավ Ազնավուրի հավատարիմը, ես մի քանի էսքիզներ ներկայացրի, որպեսզի ցույց տա նրան։ Մեկ շաբաթ անց Ազնավուրը ընտրեց նրանցից մեկը և ես սկսեցի աշխատել։  Երբ որ եկավ, ես խնդրեցի, որ ստորագրի այդ հուշաղբյուրի վրա»։

Դպրոցի այդ տարիների տնօրեն Լյուբա Մաթևոսյանը, ով Ազնավուրի այցը Ախլացիխե կազմակերպող խմբի ակտիվ անդամներից էր, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպիսի հուզմունք կար տեղացիների ու անձամբ Ազնավուրի մոտ․ «նա մոտենում էր իր արմատներին», ասում է զրուցակիցս․

«Ազնավուրի պապենական տունը գոյություն չուներ, բայց տան տեղը կար ու այգու մի մասը պահպանված էր։ Հարևաններից մեկը պահել էր նրա պապերից մեկի՝ Մինաս Ազնավուրյանի տան կնիքը, որ հանձնեց Շառլին»։

Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը, մինչև Փարիզ տեղափոխվելը, Ախալցիխեից հետո մոտ տասը տարի բնակվել է Թբիլիսիում։ Նա իր եղբայրների հետ նվագել է քաղաքի Մուշտաիդ մանկական զբոսայգում, որն այդ տարիներին ավելի շատ ազնվական խավի ներկայացուցիչների ժամանցի վայրն էր համարվում։ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդը հիշում է, որ Ազնավուրի բարեկամներից մեկը՝ հավանաբար հորեղբոր թոռնուհին, սուրբ Գևորգ եկեղեցու բակում նրան է փոխանցել ընտանեկան ալբոմ, որում Ազնավուրը ճանաչել է իր հարազատներին ու ասել․

«Պապաս է, սա հորեղբայրս է, ով մեզ (նկատի է ունեցել հորը) Թիֆլիս բերեց, հորաքույրս է ․․ առաջին անգամ զարմացանք, որ նրանից լսեցիք Մուշտաիդ անունը, ասում էր, որ հայրը ավագ եղբոր հետ այնտեղ նվագում էր ու երգում»։

Բայբուրդն ասում է, որ առաջին այցից տպավորել է նաև․«Երբ որ համտեսում էր վրացական խոհանոցի ուտելիքները, շատ հաճախ գլուխը թափ էր տալիս ու ասում՝ боже мой, боже мой։ Կրկնում էր հորից լսած խոսքերը՝ այսինքն ինչ համեղ է ․․․»

Վրաստանի հանրային հեռուստաընկերության հայկական ծրագրի այն ժամանակվա խմբագիր Սուսաննա Խաչատրյանը հիշում է, երբ այցի ընթացքում ցանկացել է հարցազրույց վերցնել Ազնավուրից, ասել է՝ «ես դեռ հայերեն չեմ խոսում, բայց խոստանում եմ մյուս այցիս հայերենով հարցազրույց տալ»։ Ազնավուրը նաև այդ ժամանակ խոստացել էր․ «Ես կուգամ, էլի կուգամ, կուգամ Ախլցիխե ու ձեզ համար կերգեմ»։

Ազնավուրը 2012-ին կրկին եկավ Վրաստան՝ կատարելով իր երազանքը, հոր ծննդավայրում՝ Ախալցիխեի Ռաբաթ բերդի բացման ժամանակ համերգ ունեցավ։ Այդ ժամանակ խոստացավ զավակների հետ գալ ու Վրաստանում ևս մեկ համերգ ունենալ 95 տարեկանում։

Back to top button