Ֆրանսիան այս օրերին ապրում է Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո: Մամուլը չի դադարում խոսել եւ գրել Մեծ շանսոնիեի մասին: Հարկ է նշել, որ ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ կմատուցվի ազգային հարգանքի տուրք: Իսկ թե երբ է նախատեսված Ազնավուրի հուղարակավորությունը, Ֆրանսիայի մեր աղբյուրները մինչեւ եթերը չկարողացան հստակ ինֆորմացիա տրամադրել:
Երեկ Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 5-ին, Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, ազգային հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ: Սգո արարողությանը ներկա կլինեն նաեւ բարձրաստիճան այլ այրեր: Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Կովկաս կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը հայտնեց, որ դեռ հուղարկավորության մասին հստակ տեղեկություն չկա, բայց պարզ է, որ այն կազմակերպվելու է պետական արարողակարգի համաձայն, եւ այժմ ճշտումներ, հստակեցումներ են ընթանում ընտանիքի եւ Ֆրանսիա այցելող հյուրերի հետ՝ ժամանակացույցի վերաբերյալ:
«Պաշտոնական արարողությունը մեծ անձնավորությունների համար է: Եվ Ազնավուրի մահվան հենց առաջին օրվանից մամուլը, հանրային կարծիքի տարբեր շերտեր խոսեցին, որ Շանսոնիեի համար պետք է կիրառել հուղարկավորության պետական արարողակարգը: Մեկ կողմից Ազնավուրի հսկա վիթխարի արվեստը կա, համաշխարհային ճանաչումը, մյուս կողմից պետությունը ցանկանում է իր հարգանքը մատուցել հայ համայնքին»:
Մինչ պետական մակարդակով Ելիսեյան պալատը կազմակերպում է Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը, Ֆրանսիայի հայ համայնքը հայկական եկեղեցիներում պատարագներ է մատուցում եւ մոմավառություն կազմակերպում՝ «Ռադիոլուրին» փոխանցեց Փարիզի Շավիլի քաղաքապետարանի աշխատակից Արդա Քալայջյանը: «Հայ համայնքը կազմակերպում է մոմովառություն Փարիզի ավետարանական եկեղեցում, իսկ վաղը Ալֆովիլի համայնքն է պատարագի մասնակցելու»:
Ֆրանսիական ԶԼՄ-ները երեք օր է չեն դադարում գրել, խոսել եւ ռեպորտաժներ պատրաստել երգիչ, երգահան, կոմպոզիտոր, մեծանուն հայի մասին: Տիկին Արդան նշում է՝ երիտասարդ թե մեծ բոլորն են սգում Մեծ շանսոնիեի մահը, «ամբողջ ռադիոկայանները, հեռուստատեսությունը խոսում է Շարլի մասին»:
Տիկին Հիլդան, իր հերթին հավելում է, Շարլն Ազնավուրի մահը ամբողջ աշխարհի համար է մեծ կորուստ է, իսկ ֆրանսիացիների համար մասնավորապես: Ինչո՞ւ, քանի որ Ազնավուրը ֆրանսիացի հասարակությանը հուզող փակ թեմաները մշտապես բարձրացրել է իր երգերի միջոցով: Նա արվեստագետ չէր, այլ մանրանկարիչ էր՝ ասում է տիկին Հիլդան եւ որպես օրինակ հիշեցնում 1975 թվականին ծնվեց՝ Il sont tombes`<<Նրանք ընկան>> երգը, որը վերաբերում էր ցեղասպանությանը, եւ դարձավ ֆրանսահայ համայնքի համար ոգեւորություն՝ հայկական հարցի համընդհանուր պայքարի համար:
«Մեծ աղմուկ հանեց Ֆրանսիայի մեջ այս երգը: Մինչ այդ մամուլը չէր լուսաբանում, իսկ այս երգով նպաստեց եւ հանրային կարծիքի դրական արձագանքին եւ լուսաբանմանը, իսկ տարիների ընթացքում նաեւ իր մասնակցությամբ եւ ներկայությամբ նաեւ ճանաչմանը»:
Ազնավուրը Ֆրանսիայի այն մեծ արվեստագետներից է, որը շուրջ 4 սերունդների հետ է աշխատել, շփվել, եւ այսօր իր տեղը բաց է, եւ ինչպես ֆրանսիացիներն են ասում, ոչ ոք չի կարող լրացնել այդ բացը՝ հավելում է ֆրանսահայ Հիլդա Չոբոյանը: