

Մինչև ռազմական ավիացիայի ստեղծումը Արցախյան պատերազմի տարիներին ռազմաճակատ զենք զինամթերք էին հասցնում «Հայկական ավիաուղիների» ու «Արարատ ավիա»-ի օդաչուները։ Ուղղաթիռի հրամանատար հրահանգիչ Կարեն Վարդանյանը այդ տարիները շատ լավ է հիշում: 2014թ -ից «Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցն է, սակայն այսօր Կարեն Վարդանյանն ու նրա 10-ը գործընկերները՝ օդաչուներ, տեխնիկներ, բորտ ինժեներներ հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: Պատճառը՝ ուղղաթիռը, որով չվերթներ էին իրականցնում, այլևս շահագործման ենթակա չէ:
«Արմ-Աէրո»-ընկերության ղեկավար Սամսոն Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես գտնվում են անելանելի վիճակում, բայց այլընտրանք չունեն:
Բորտ մեխանիկ հրահանգիչ Արա Հունանյանն ասում է, որ օդաչուն, երբ անգործ է մնում, բավականին դժվարությունների առաջ է կանգնում: Նրա հետ համաձայն է ավիաինժեներ Գրիգոր Սիմոնյանը:
Տնօրեն Սամսոն Հակոբյանն ասում է, որ անձնակազմին ծանուցվել է 10 օր առաջ, քանի որ նրանց հետ կնքված պայմանագիրը երեք ամիս ժամկետով է:
Անձնակազմը իրենց խնդիրը նամակի տեսքով ներկայացրել է նաև ՀՀ կառավարությանը, սակայն նրանք չգիտեն արդյո՞ք նամակը գտել է իր հասցեատիրոջը:





