

ACP ( «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ) ընկերությունը 380 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին։ Ընդերքի տեսչական մարմինը ստուգումներն ավարտեց Ալավերդու պղնձաձուլարանում: Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար: Սակայն այժմ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում էլ բարձրացված հարցերը պատասխաններ կստանան: Ալավերդիում կարծիքները տարբեր են, գերակշռող շեշտադրումը՝ գործարանը պետք է աշխատի՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը: Օրերս «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը մեդիատուր էր կազմակերպել Ալավերդի։
Սրտախառնոց, գլխացավ ու ոչ միայն. «Ռադիոլուրի» զրուցակից Վազգեն Մելքոնյանն ամեն անգամ, երբ Թումանյանից Ալավերդի է գնում, այս ախտանշաններն ունենում։ Մեր այցելության պահին Ալավերդու պղնձաձուլարանից ծուխ էր դուրս գալիս, սակայն ոչ այն ծավալով, ինչքան վերջին ամիսներին՝ բարձրաձայնում էին տեղացիները:
Խնդիրն այնքան էր սրվել, որ ստեղծվեց «SOS Ալավերդի» նախաձեռնությունը: 12,5 անգամ ավելացել է արտանետումների ծավալը՝ ասում է նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը։ Նախաձեռնողների մի մասը գիտակցում է՝ եթե գործարանը փակվի, առանց այն էլ սոցիալական սուր խնդիրներ ունեցող քաղաքում դրանք մի քանի անգամ կավելանան: Տեղացիներն էլ են մտացում, որ գործարանն իրենց պետք է։
Նախաձեռնության անդամներն առաջարկում են զտիչներ տեղադրել: «Ռադիոլուրը» փորձեց մեկ անգամ ևս կապվել Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ: Չհաջողվեց: Վերջինս ավելի վաղ մեզ փոխանցել էր, որ զտիչի տեղադրումը խնդրի լուծում չէ: Միակ լուծումը ծծմբաթթվի կամ ծծմբային այլ նյութի արտադրություն կազմակերպելն է: Նշում է՝ գործարանի սարքավորումներն իսկապես հին են՝ խորհրդային տարիներին ձեռք բերված։
Փակել գործարանը, թե՞ ոչ. ալավերդցիները կդիմեն վարչապետին
Մեջլումյանը հենց մեզ էր ասել, որ երկու տարվա եռակողմ (Վալլեքս խմբի ընկերություններ- Հայաստանի եւ Չինաստանի կառավարություններ) բանակցությունները դրական արդյունք են տվել։ Կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: Թե որտեղ՝ դեռ հստակ չէ: Մոտ 400-500 մլն դոլարի ներդրում է նախատեսվում՝ ըստ տնօրենի։
«Ներկա փուլում խոսքը պղնձաձուլարանի և քիմիական արդյունաբերության մասին է. ձուլարան, հետո արդեն մաքուր պղնձի արտադրություն։ Սա շատ լուրջ ու մասշտաբային ծրագիր է: Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն ու հասկանան, որ պղնձաձուլարան կառուցելը թեթև արդյունաբերություն չի, որ երկու հաստոց բերենք դնենք, ասենք, որ կարի արտադրամաս ունենք»:
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Վազգեն Մելքոնյանը կարծում է, որ եթե գործարանը փակվի, ապա երկու տարի հետո տուրիզմն այստեղ կզարգանան: Այժմ ներդրողներ չեն գալիս։
Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի տեղեկացմամբ՝ այստեղ երեխաներին ու հղիներին՝ հղիության յոթերորդ ամսից սկսած, վիտամիններով հարուստ սնունդ են տալիս:
185 մլն դրամ բնապահպանական վճար. ACP-ն Ալավերդու համայնքապետարանին այսքան գումար է վճարել 2018թվականին: Հաջորդ տարի այն կվճարի 100 մլն դրամ: Համայնքի ղեկավարը հստակեցնում է՝ ոչ թե գումարն է նվազել, այլ՝ այս տարվա գումարին ավելացել են նաև նախորդ տարիներից մնացած բնապահպանական վճարները:
«Ռադիոլուրը» բոլոր մտահոգող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հարցում էր ուղարկել «Վալլեքս Գրուպ» ընկերությանը: Այսօր ընկերությունից մեզ պարզաբանեցին՝ հոկտեմբերի 1- ին Ալավերդիում հանրային քննարկում է կազմակերպվելու, որտեղ անդրադարձ կլինի նաև մեր հարցադրումներին:




