

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ կան, չվերադարձողներ էլ: Խոպանը երբեմն ընտանիքների կազմալուծման պատճառ է դառնում: Խոպանից չվերադարձողների կանայք լուռ կրում են ընտանիքի հոգսը, երեխաներին մեծացնում:
Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում կեսօրին սակավաթիվ մարդկանց կարելի է հանդիպել: Աշխուժություն նկատվում է առավոտյան, երբ երեխաները դպրոց են գնում ու վերադառնում, երբ տանտիկինները դույլով կաթը ձեռքներին հարևանների տուն են գնում ու կաթը փոխ տալիս: Այս կերպ հավաքված կաթից թթվասեր, կարագ, պանիր ու յուղ են սարքում, իսկ կտրված կաթից էլ կաթնաշոռ հանում: Գյուղում տնտեսության հիմնական հոգսը կանանց վրա է: Կեսօրին տան դիմաց հանդիպեցի տիկին Դոնարային, տանը միայնակ էր, փոքրիկ թոռանն էր զբաղեցնում: Հարսները գնացել էին խանութ, խոպանից փող էին ուղարկել: Սահակյանների տան տղամարդիկ խոպանում են, տղաները փետրվարին էին մեկնել, ամուսինը՝ մեկ ամիս առաջ:

«Տանը տղամարդ էր պետք, բերքահավաքն արեց, խոտը քաղեց, ալյուրն աղաց, տուկերը տեղավորեց նոր գնաց»:
Ռուսաստանում շինարարության վրա են աշխատում, տանիքներ են կառուցում, կվերադառնան՝ նոյեմբերին: Գյուղից շատ են գնում խոպան: Սպանդարյանի համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանի տեղեկացմամբ համայնքն ունի 1601 բնակիչ, միջին հաշվարկով ամեն տարի 300-ից ավելի մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Գնացել են նաև ընտանիքներով ու մնացել: Դոնարայի տանը դրկից բարեկամների դռները փակ էին:

Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ է մեկնել խոպան, հիմա գյուղում սեփական տաքսի է վարում և ավտոբուսի ուղեվարձի գներով տեղացիներին հասցնում Արթիկ կամ հարևան գյուղերը: Գյուղացիներից մի քանիսն են այս կերպ վաստակում, քանի որ գյուղում չկա միջհամայնքային երթուղային տրանսպորտ:

Աշխատանքային միգրանտները երբեմն բախտի քմհաճույքով են գնում Ռուսաստան, չեն նշում այցեի հիմնական պատճառը և կարճ ժամանակ անց վերադառնում: 83-ամյա Ռազմիկ Մովսիսյանը դժգոհում է իրավիճակից. «Գրանցում չկա, 3 ամիս հետո մարդիկ դառնում, գալիս են, այնպիսի տեղ էլ կա, որ գնում աշխատում են, գլխի տակ բարձի տեղ քար են դնում, բայց խաբում են ու փող չեն տալիս»:
Խոպանով մարդիկ տուն են պահում, սակայն խոպանը նաև ընտանիքների կազմալուծման պատճառ է դառնում: Երկրից դուրս աշխատանք փնտրողների մի մասը չի վերադարձել: «Գյուղից մարդ կա, որ շատ շուտվանից է Ռուսաստանում, այնպես էլինում, որ 3-4 տարին մեկ անգամ է գալիս, մյուսը գնացել է ու մնացել, հետո դեպորտ արեցին՝ եկավ»:

Դեպի Ռուսաստան մուտքն արգելվել է, քանի որ նշված քաղաքացին չի ունեցել օրինական գրանցման փաստաթղթեր: Տարիներ շարունակ թաքնվելով և անլեգալ աշխատելով՝ նրան արտաքսել են երկրից: Ինչպես Սպանդարյանում, այնպես էլ Արթիկի տարածքի մյուս գյուղերում երևույթը եզակի չէ:
Ռուսաստանում մնացող տղամարդիկ շատ հաճախ ստեղծում են երկրորդ ընտանիքը: Նրանք իրենց հայրենի տանն ապրում են 3-4 ամիս, իսկ Ռուսաստանում՝ 8-9: Խոպանից չվերադարձողների կանայք չեն բաժանվում, չարչարվում են, միայնակ մեծացնում երեխաներին, նրանց ամուսնացնում, իսկ ծերության շեմին ամուսինները թակում են իրենց դուռը և անվրդով ներս մտնում:




