
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Օտարերկրացիներին սեփականության իրավունքով հող ձեռքբերելու հնարավորություն տալու Արցախի կառավարության առաջարկն այսօր թեժ քննարկումների տեղիք է տվել Արցախի խորհրդարանում: Գյուղատնտեսության նախարարը, չհամաձայնելով հանդերձ, ստիպված է եղել ընդունել օրենսդիրների առաջարկը եւ Հողային օրենսգրքում փոփոխությունների հարցը քվեարկության դնել առաջին ընթերցմամբ` լրացուցիչ քննարկումների տեղ թողնելով:
Արցախում գյուղատնտեսության նոր հայեցակարգով այգեգործությունը հռչակվել է գերակա ճյուղ: Այդ դաշտում օտարերկրյա ներդրումներ ապահովելու նպատակով է գյուղատնտեսության նախարարը բացատրում օտարերկրացիներին Արցախի տարածքում սեփականության իրավունքով հող ձեռքբերելու իրավունքը օրենքով ամրագրելը:
Արցախի խորհրդարանականները խնդիրը դիտարկում են ազգային անվտանգության եւ քաղաքական հարթակում: Գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը համաձայնում է, որ ազգային անվտանգության հարց կա։ Հակառակ նրա հավաստիացումներին, որ կառավարությունն այդ հանգամանքը հաշվի է առել, պատգամավորներ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն են տեսնում։




