

Երեկ երեկոյան ազատ է արձակվել Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալի Օզմենը: Այսօր երեկոյան Ումութը կստանա ելքի օրինական թույլտվության հնարավորություն եւ կմեկնի հայրենիք Վրաստանով:
Հյուսիսային պողոտայում հանդիպեցի Թուրքիայի 16- ամյա քաղաքացի Ումութ Ալի Օզմենին, հորը՝ Մուստաֆա Օզմենին, եւ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին: Ումութը միանգիամից սկսեց զրուցել եւ պատմել՝ թե՞ ինչպես է հատել սահմանը:
«Մշտապես ծնողներիցս փոքր հասակից տարբեր լեգենդներ եմ լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի հետեւում եւ իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից տեսնել, թե ինչ կա: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո հոտը տարել էի յայլա, մայրիկին ասեցի գնում եմ նաեւ թեյի համար խոտաբույս հավաքեմ: Գնացի, եւ հետաքրքրությունից դրդված անցա բլրի մյուս կողմը»:
Հայտնվելով սկզբում ռուս սահմանապահների, այնուհետեւ արդեն հայկական իրավապահների հսկողության ներքո, Ումութը հուլիսի 26-ից մինչեւ երեկ գտնվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Անցած 60 օրերի ընթացքում հասցրել է ճանաչել նաեւ բանտախցի հայ ընկերներին եւ հիմնարկի աշխատակիցներին: Ումութի հետ զրույցը մեզ օգնեց ամբողջացնել Արագած Ախոյանը, ով վերջին օրերին ակտիվ ներգրաված է թուրք պատանուն ազատ արձակելու գործին:
Սահմանը խախտած 16- ամյա Օզմեն ծնողները Հայաստանում են, հանդիպել են որդու հետ
Ումութը երեկ եւ այսօր շրջել է Երեւանում, սելֆիներ է արել, համտեսել հայկական ուտեստներ։ Համեմատելով ասում է՝ թուրքական եւ հայկական խոհանոցները նման են։ Նման է նաեւ մարդիկ՝ հավելում է Մուստաֆա Օզմենին՝ պատանու հայրը։ Նա արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, ասում է՝ շատ տպավորված է հայկական միջավայրով: Հաղորդակցվում էր նաեւ ռուսերենով:
Մուստաֆան նշեց, որ անձամբ է դիմել Հայաստանի իշխանություններին որդուն ազատ արձակելու համար: Նա շատ լավ է սովորում դպրոցում, եւ որոշել է վերադառնալ Հայաստան, եւ ընդունվել Բարձրագույն ուսումնական հաստատություն` ուրախ աչքերով ասում է Մուստաֆան: Իսկ այսօր երեկոյան Ումութի ելքի օրինական թույլտվության տրամադրումից հետո, նրանք կմեկնեն Վրաստան եւ այնտեղից հայրենիք։ Հայաաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան ու տեղափոխումը կապահովվի երրորդ երկրի կողմից: Կարսում բոլորը սպասում են, պետք է գնանք՝ ասում է Մուստաֆան:
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Արագած Ախոյանը մեր իշխանությունների եւ համապատասխան գերատեսչությունների կողմից դրսեւորած մարդասիրական այս քայլը բարձր գնահատեց՝ հավաստիացնելով, որ թուրքական կողմը, թեկուզ եւ ոչ բոլորը, անպայման կգնահատեն:
«Հյուրիեթ» պարբերականի թղթակիցները երեք օր է Հայաստանում հետեւում են Ումութ Օզմենի գործի ընթացքին, Մուստաֆայի հետ շրջում են Երեւանով: Հարկ է նշել, որ հենց այս թերթն էր իր էջերում բարձրաձայնել, որ Թուրքիայի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկում լավ չեն վերաբերվել: Իսկ երեկ եւ այսօր պարբերականի լրագրողները ականատեսն են լինում ջերմ հրաժեշտ տեսարանների:




