ԿարևորՏնտեսական

Փոփոխություններ տաքսիների գործունեության մեջ. «Ռադիոլուրին» մեկնաբանում է տրանսպորտի նախարարը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անհատ տաքսիների վարորդները կազատվեն հարկերից; Սա  միակ օրենսդրական փոփոխությունը չէ այս ոլորտում: Առաջարկվող լուծումները սոցիալական ցանցերում քննարկումների առիթ են դարձել: Այսօր բոլոր մտահոգությունները  «Ռադիոլուրին» տված հարցազրույցում փարատել է ոլորտի պատասխանատուն՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:

 

Կառավարությունում քննարկում են անհատ տաքսիներին հարկային բեռից ազատելու հարցը: Այսօր «Ռադիոլուրին» տված հարցազրույցում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը պարզաբանեց. «Բոլորն էլ պետք է լիցենզավորվեն, քանի որ այն որոշակի պայմաններ է նախատեսում, որոնք պետք է կարողանանք համատեղ ապահովել»։

Լիցենզիա ձեռք բերելու համար նախկին 12 հազար դրամի փոխարեն այժմ 9500 դրամ է առաջարկվում մայրաքաղաքում և 4500 դրամ մարզերում գործունություն իրականացնելու համար:

Այստեղից հետևություն. բոլորը չէ, որ կարող են  տաքսի ծառայություն մատուցել  քաղաքացիներին։ «Եթե ցանկացած քաղաքացի որոշի տաքսի վարել, հարց է, թե այդ քաղաքացին քանի տարվա վարորդ է, մեքենա վարել գիտի, թե չգիտի,  մեքենան կարող է տաքսի ծառայություն մատուցել, թե ոչ»,- ասում է նախարարը:

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել իր ֆեյսբուքյան լայֆերից մեկի ժամանակ։ «Կարող եմ ասել, որ շատ լավ որոշման ենք հանգում անհատ  տաքսիների վարորդների համար։ Մենք քննարկում ենք ու մոտ ենք այդ որոշմանը, որ անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից»,- ասել էր կառավարության ղեկավարը՝ շեշտելով՝ որոշումը նաեւ սոցիալական նշանակություն ունի։

Ոլորտի պատասխանատուն նշում է, որ  անհատ տաքսիների վարորդներից  բացի, օնլայն  տաքսի ծառայությունների ու տաքսի ծառայությունների  համար նույնպես փոփոխություններ են նախատեսում: Օնլայն  տարբերակով աշխատող  տաքսիների մասով ընդգծում  է՝ նրանք պետք է հարկային դաշտ գան, աշխատեն հավասար պայմաններում

«5-6 տարի իրենք գործում են, քանի՞ կոպեկ են հարկ վճարել: Իրենք ասում են, որ դա ինտերնետ ծառայություն է, սակայն մենք ասում ենք, որ դա փաստացի տաքսի ծառայություն է: Խնդիր ունենք իրենց հավասար դաշտ բերելու մեր անհատ տաքսի ծառայողների հետ»։

Այս վարորդները խորհրդանշական՝  ամսական 4 հազար դրամ կվճարեն: Տաքսի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար էլ լավ լուր ունեն՝ նրանց կազատեն տարեկան 200 հազար դրամ պետական տուրք վճարելուց:

Տրանսպորտի , կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի հստակեցմամբ, փաթեթն այս պահին պետական կառավարման մարմինների մոտ է, առաջիկայում վերջնական լուծումներ կտան խնդրին:

Back to top button