«Աքիլլես».Անհավասար վիճակ է ստեղծվում դեղին և սպիտակ պետհամարանիշերով տաքսի վարողների միջև
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դեմ չէ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի, հիշեցնենք, ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները պետք է փոխարինվեն ինքնակպչուն կտրոններով, վերացվեն բուժզննման ու տեխզննման գործառույթները և այլն: Ավելին, ասում է, փոփոխությունները ներկայացնելիս բերվում են այն նույն հիմնավորումները, ինչ որ ժամանակին իրենք էին ասում, երբ հաստատվում էր անհատ տաքիսների լիցենզավորման կարգը սահմանող կառավարության որոշումն ու պարտադիր էին դառնում դեղին պետհամարանիշերը:
Հարցն այն է, որ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով, անհավասար վիճակ է ստեղծվում դեղին և սպիտակ պետհամարանիշերով տաքսի վարողների միջև: Դեղին համարներով մեքենաների վարորդներն ամեն տարի 150 հազար դրամ պետությանը հարկ են վճարել, այն դեպքում, երբ մի հսկա զանգված շարունակել է հարկային դաշտից դուրս սպիտակ համարներով երթևեկել: Հովհաննիսյանի տվյալներով` այսօր անհատ մոտ 10 հազար տաքսի կա, որոնցից դեղին պետհամարանիշ ունի 6000-ը:
«Դեղին համարով երթևեկողներն ասում են` այսքան տարի հարկեր ենք վճարել, իսկ հիմա ասում են` սխալվել ենք: Երբ վարորդը երթևեկության կանոն է խախտում, իրեն ենթարկում են պատասխանատվության, ուրեմն հիմա էլ թող պատասխանատվություն կրի կառավարությունը»:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահն այս իրավիճակում առաջարկում է որպես փոխհատուցում դեղին պետհամարանիշով երթևեկող վարորդներին մեկ տարով ազատել հարկերից: Առաջարկն առայժմ բանավոր` լրատվամիջոցների միջոցով է փոխանցում կառավարությանը: Սպասելու է մեկ շաբաթ, եթե համապատասխան արձագանք չստանա, գրավոր կդիմի: Թեև գրեթե վստահ է` մերժվելու է:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է դեղին համարանիշերը չհանել, քանի որ դա օրինական դաշտում գործելու տարբերանշանն է, չհանել նաև բուժզննման ու տեխզննման պարտադիր պահանջը: Վարորդի առողջական ու նրա մեքենայի վիճակը պետք է ուշադրության կենտրոնում լինեն:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն առաջարկում է Տրանսպորտի տեսչության լիազորությունները վերապահել ոստիկանությանը, քանի որ այս տարիներին տեսչությունը չի կարողացել վերահսկողություն իրականացնել, ապահովել հավասարություն, դաշտում ապօրինի գործունեություն ծավալող վարորդները շատ են: