
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Բարեւի շարժման վերաբերյալ վերջին օրերին իշխանության հնչեցրած արտահայտությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները համարժեք չեն երկրում ստեղծված իրավիճակը գնահատելիս` Ազատության հրապարակում այսօրվա բացօթյա ասուլիսում հայտարարել է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա գնահատմամբ` հնչած գնահատականներն իրենց ամրապնդում է այն վճռականության մեջ, որ այս իշխանությունները պետք է զիջեն իրենց տեղը, Խուրշուդյանի ձեւակերպմամբ, «ժողովրդին եւ նրա ընտրյալներին»:
Քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ` ասաց Ժառանգության մամուլի խոսնակը: Նրա խոսքով` այդ պայքարի շրջանակներում են նաեւ Երեւանի ավագանու ընտրական գործընթացները, որոնց նույնպես իրենք մասնակցելու են: Ավագանու ընտրություններին, Խուրշուդյանի ձեւակերպմամբ, իրենք մասնակցելու են հիմնական պայքարի հոսանքին զուգահեռ: Ժառանգության մամուլի խոսնակը հավելեց, թե տարօրինակ է, որ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթներն իրենց ներկայացվում է որպես զիջում, որպես առաջարկ: Առանց նման առաջարկի եւ խորհրդի էլ` Ժառանգությունը բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունի մասնակցելու եւ հաղթելու այդ ընտրություններում` հավելեց Հովսեփ Խուրշուդյանը:
Արձագանքելով դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններին որոշել են մասնակցել նաեւ այն ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին` Ժառանգության մամուլի խոսնակը դա մի կողմից ողջունելի համարեց: Մյուս կողմից, Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, որեւէ խնդիր չկա, որ ընդդիմադիր ուժերը հետագայում համագործակցեն ավագանու կազմում` Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
Ժառանգության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու վերաբերյալ մանրամասներ կհայտնի Րաֆֆի Հովհաննիսյանը` առաջիկա հանրահավաքում: Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում «Էմպիրեյ» ռոք-խմբի նախապես ծրագրված այսօրվա համերգի չեղյալ հայտարարելուն: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե տեղյակ չէ, թե ինչու է խմբի որոշման մեջ փոփոխություն տեղի ունեցել եւ չի կարող մեկնաբանել:




