
Երեկ առավոտվանից իրավապահները խուզարկում էին «Yerevan Today» կայքի խմբագրությունը, երեկոյան այցելել էին նաեւ կայքի սեփականատիրոջ բնակարան:
Մի կողմից նշվում է, որ իրավապահների այս գործողությունները կապված են Հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման հետ:
Մյուս կողմը պնդում է, որ սա ազատ խոսքը լռեցնելու փորձ է:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, որ իր հետ գլուխ դնողները կփոշմանեն: «Yerevan Today» կայքի գլխավոր խմբագիրը երեկ իրենց մոտ իրականացված խուզարկության հետ կապված այսօր քննիչներին զգուշացրեց, որ մարսողական խնդիրներ են ունենալու. «շատ մեծ որս են կուլ տվել»:
Հայտարարությունները թերեւս նման են իրար, բայց կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը կտրականապես հերքում է լուրերը, թե կայքն իրականում պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:
Կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է: Նրա տանը նույնպես իրավապահները խուզարկություն են իրականացրել: Հստակ տեղեկություն չկա, թե ինչ են փնտրում: Ենթադրությունները հետեւյալն են՝ խուզարկությունները կապված են Հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման հետ:
«Yerevan Today» կայքը նշանառության տակ է ընկել, իբրեւ թե ձայնագրությունը իր կայքում ամենաառաջինը տեղադրելու, հետո՝ հեռացնելու համար: «Նման բան չի եղել»,- ասում են կայքի խմբագրակազմից: Տեղեկատվական անվտանգության փորձագետները կարծես եկել են ընդհանուր համաձայնության, որ Google որոնողական համակարգը այդ օրերին ժամային տեղեկատվությունը սխալ է ցույց տվել, ինչից էլ առաջացել են թյուրընկալումները: «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը չի բացառում, որ իրենց մոտ փնտրել են նաեւ գաղտնալսող սարքեր:
«Yerevan Today»-ի ղեկավարությունը կատարվածը գնահատում է իբրեւ ազատ խոսքը լռեցնելու փորձ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը նման հավանականությունը դիտարկում է, բայց չի շտապում հանդես գալ հայտարարություններով եւ պահանջներով՝ քանի դեռ չեն ներկայացվել իրավապահների հիմնավորումները: Ասում է՝ պետք չէ անտեսել նաեւ խնդրի քաղաքական կողմը՝ իրավապահներին ներկայացվող պահանջներից հետո անակնկալի չգալու համար:
Ստեղծված իրավիճակի շուրջ լրատվական ամբողջ դաշտից «Yerevan Today» -ի խմբագիրը սպասում է բոլորովին այլ գնահատականներ: Այսպիսինները նրա համար հասկանալի չեն:
Խնդրին անդրադարձել է նաեւ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ դատապարտելով «Yerevan Today»-ում կատարված խուզարկության փաստը։ Կայքի իրավաբանները այս պահին նշում են, որ իրավապահների իրականացրած գործողություններում առանձնացրել են 7 խախտում:
Ինչ հակընդդեմ քայլեր է անելու կայքի խմբագրակազմը՝ չեն շտապում անդրադառնալ այդ խնդրին: Առաջնայինը, ինչ նշում են, չեն պատրաստվում պաշտպանվել, քանի որ համոզված են՝ իրավապահներն ապացույցներ չեն գտնելու:




