Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ Ֆրանսիայում տարբեր հանդիպումներ էր ունենում, նաեւ երեկ հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա արդեն երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Մակրոնի հերթն է Հայաստան գալու։ Ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը նշել էր, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները ավելի են լավանալու: Այցն անշուշտ ունեցել է քաղաքական արդյունքներ, բայց այսօր <<Ռադիոլուր>>-ը կամփոփի Փաշինյանի ֆրանսիական այցի տնտեսական կողմը:
Վարչապետի փարիզյան այցի տնտեսական կողմը թերեւս հետաքրքիր է նրանով, որ վերջին շրջանում Հայաստանում կոռուպցիոն սկանդալների մեջ էին խառնված նաեւ ֆրանսիական ընկերությունները: Նոր կառավարության կոշտ դիրքորոշումը այդ ընկերությունների հանդեպ երբեմն ներկայացվում է որպես վատ ազդակ միջազգային ներդրողների համար: Վարչապետը, սակայն, բոլորովին այլ տպավորություններ է ստացել փարիզյան հանդիպումներից հետո:
Առաջին աղմկահարույց բացահայտումը կապված էր <<Վեոլիա ջուր>> ընկերության հետ: Ընկերության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 8 անդամների փարիզյան շրջագայության եւ ջրի սակագնի բարձրացման միջեւ կապի բացահայտումները ոստիկանությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։
Հարցին անդրադարձ եղել է Փարիզում՝ այսօր արդեն Երեւանում ասաց վարչապետը: «Մակրոնի հետ հանդիպմանը չենք անդրադարձել, բայց «ՎելոիաՋուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է»,- ասաց։
Այս թեմայով լրացուցիչ տեղեկություն վարչապետից ստանալ չհաջողվեց: Մի քիչ ավելի տեղեկություն նա փոխանցեց Ամուլսարի խնդրից: Հայտնի է, որ Ֆրանսիա կատարած երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է <<Լիդիան Ինթերնեյշնլ>> ընկերության Տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլի եւ խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Փարիզում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում: Որեւէ նորություն այս պահին չկա։ Փաշինյանը փաստերով խոսելու կողմնակից է: Դա է պատճառը, որ հունիսի վերջին-հուլիսի սկզբին Ջերմուկ կատարած այցի ժամանակ առաջարկել էր Լիդիանի ներկայացուցիչներին համագործակցել, որպեսզի փաստերի շուրջ կարողանան ընդհանուր եզրակացության գալ: Ընկերությունից վարչապետն այն ժամանակ մերժման պատասխան ստացավ: Այս անգամ նույնպես հստակ պատասխան դեռ չկա:
Եթե պարզվի, որ Սեւանի եւ Ջերմուկի ջրային եւ ջրահավաքման ավազանի համար վտանգ չկա, հաշվի կառնենք ներդրումների ծավալը եւ թույլ կտանք շարունակել ծրագիրը՝ շեշտեց վարչապետը։
Չնայած կառավարության այսպիսի դիրքորոշմանը՝ ակտիվ քաղհասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունելու Ամուլսարում «Լիդիանի» գործունեությունը: Մեկ օր առաջ Հյուսիսային պողոտայում <<Ամուլսարն առանց հանքի>> նախաձեռնությունը կազմակերպել էր համերգ-դրամահավաք, որին մասնակցում էին հայտնի մտավորականներ եւ բնապահպաններ:
Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ նման դրամահավաք-համերգների ընթացքում հավաքված գումարը փոխանցվելու է հանքի շահագործման դեմ պայքարող, հանք տանող ճանապարհը փակած երիտասարդներին՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար։
Համերգ-դրամահավաքին հետեւում էին նաեւ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը եւ <<Ընդդեմ իրավական կամայականությունների>> կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Լիդիանի» ներկայացուցիչների հետ փարիզյան հանդիպման ժամանակ, ի դեպ, վարչապետը հատուկ կարեւորել է Ամուլսարի հանքավայրի հարցում <<Լիդիան Ինթերնեյշնլ>>-ի եւ հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսության անհրաժեշտությունը: