
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Վաղն Արցախի տարածքի մի մասում խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ են: Վերջին ամիսների ընթացքում Ազգային ժողովի մանդատից հրաժարվել են ժողովրդավար Արմո Ծատրյանը՝ առողջական խնդիրների պատճառով, դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար: Հենց նրանց ընտրատարածքներում էլ վաղը կքվեարկեն նոր պատգամավորի համար, այնպես որ խմբակցության անդամների թիվը վերականգնելու համար երկու կուսակցություններն էլ պայքարում են:

Բարդուղ Գալստյանը խոսելով քարոզարշավի ընթացքից դժգոհեց 11-րդ ընտրատարածքում առաջադրված Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Գեղամ Ստեփանյանի տակտիկայից՝ նշելով, որ իշխանական ներուժ է օգտագործվել:
Ի դեպ՝ Բարդուղ Գալստյանը սրա մասին ընտրական հանձնաժողովների չի իրազեկել. չի վստահում: Իր քարոզարշավը կառուցել է տնից տուն մարտավարությամբ: Գեղամ Ստեփանյանի հետ կապվել չհաջողվեց:
Նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Տիրան Աթանեսյանն իր քարոզարշավից գոհ է, բայց ընթացքում որոշ անցանկալի երեւույթների նա էլ է բախվել:
11-րդ ընտրատարածքը բավականին մեծ ընդգրկում ունի՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի վերին ենթաշրջանը, Խաչենի ձորակը, Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր: Խնդիրները բազմաթիվ ու բազմազան են:
Տիրան Աթանեսյանը կարծում է, որ պատգամավորը ոչ թե եղած սոցիալական ու կենցաղային հարցերի բարձրաձայնողը պիտի լինի, այլ դրանք ու դրանց պատճառների լուծման օրենսդրական ճանապարհը գտնողը:
Այս ընտրատարածքում պատգամավորի մանդատն ունի յոթ հավակնորդ:

10 րդ ընտրատարածքը ընդգրկում է Քաշաթաղի եւ Շուշիի շրջանները: Պատգամավորի մանդատի համար պայքարում է ութ թեկնածու: Մարինե Պետոյանը դաշնակցական է: Այս ընտրատարածքի նախորդ պատգամավորը եւս այդ կուսակցության անդամ էր: Քարեգահ համայնքի երկարամյա համայնքապետը լավ է պատկերացնում ընտրատարածքի խնդիրները: Քարոզարշավի ընթացքից գոհ է: Ամեն ինչ համերաշխության մթնոլորտում է անցել:
Քարոզարշավի վերաբերյալ դրական կարծիք ունի նաեւ մեկ այլ թեկնածու՝ Մհեր Հարությունյանը:
Այսօր Արցախի տարածքի մի մասում լռության օր է: Քվեարկությունը 10-րդ եւ 11-րդ ընտրատարածքներում վաղն է: Մեկ այլ ընտրատարածքում՝ 2- րդ. ում, որը Ստեփանակերտի մի շարք թաղամասեր է ընդգրկում, քարոզարշավը նոր է մեկնարկել: Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին:




