

Արմավիր-Երևան սպասարկող ուղևորատար 207 երթուղային տրանսպորտի վարորդները հանգստյան օրերին գործադուլ էին հայտարարել, որի պատճառը նույն երթուղին սպիտակ և դեղին պետհամարանիշերով տրանսպորտային միջոցների ապօրինի շահագործողներն են:
Խնդրին անդրադարձել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՊԵԿ-ի և ոստիկանության կողմից հսկողություն սահմանվել մեքենաների ապօրինի շահագործումը կանխելու վերաբերյալ: Սակայն ապօրինությունները շարունակվում են:
Աքիլեսյան գարշապար դարձած Երևան-Արմավիր երթուղին շահագործվում է, սակայն ապօրինիությունները չեն կանխվել: 207 երթուղին սպասարկող ,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը նշեց, որ Արմավիր-Երևան երթուղին երեկ մինչև կեսօր նորմալ հունով աշխատել է, քանի որ ուժեղ հսկողություն էր սահմանված և Արմավիրի ավտոկայանում էին նախարարության, ոստիկանության աշխատակիցները, իսկ կեսօրից հետո դարձյալ երթուղում հայտնվել եմ ապօրինի փոխադրողները:

Արմավիրի ավտոկայանում պետեկամուտների աշխատակիցը հետևում է չվացուցակին և ուղևորափոխադրումներին: Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ հետևում են, գրանցումներ անում, բայց սպիտակ պետհամարանիշերով ավտոմեքենաները դարձյալ երթուղի են դուրս գալիս:
,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ-ի բողոքն ուղղված է ոչ միայն միջանցիկ, այլ նաև տարանցիկ փոխադրամիջոցների դեմ, որոնց երթուղին անցնում է Արմավիր քաղաքով և կրճատում են ուղևորափոխադրումների քանակը:

Արմավիրի ավտոկայանի պետ Լաուրա Մկրտչյանը կարծում է, որ ինքն արդեն 10 տարի դարձել է այս երթուղու շահագործման թնջուկի քավության նոխազը և ամեն ինչ բարդվում է իր վրա: Արմավիրի ավտոկայանի պետի ներկայացմամբ՝ ելնելով իր պարտականություններից, միայն գործադուլի օրերին միջամտել է տարանցիկ մեքենաներով ուղևորների փոխադրմանը:

207 երթուղային միկրոավտոբուսի ուղևորներից մեկը դժգոհեց մեքենաների սրահի անհարմարավետությունից և անսարքությունից:
Խնդրի լուծումն առայժմ առկախված է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինն այժմ վերակազմավորման փուլում է և ներկայում չի կարող միջոցներ ձեռնարկել:

Թնջուկի լուծումը կտա միայն տեսչական մարմինը՝ իրավասությունների սահմաններում:




