

Խորհրդարանն այսօր 68 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից լրացուցիչ ջրառ իրականցնելու մասին օրիանգիծը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր: Նախագիծը կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի միակ օրակարգային հարցն էր:
Սևանից ջրի բաց թողնման առավելագույն քանակն, ըստ օրենքի , 170 մլն խորանարդ մետր է: Կառավարությունն առաջարկում է ամրագրված չափաքանակն ավելացնել 40 մլն խորանարդով և նախաձեռնությունը բացատրում է տարվա սակավաջրությամբ, ոռոգման ջրի դեֆիցիտով:
Արտահերթ նստաշրջանի մեկնարկից առաջ Ազգային ժողովի շենքի մոտ Սևանի խնդրով մտահոգ բնապահպաններն են: Ինչպես դեպքերում Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախորդ բոլոր առաջարկների քննարկման ժամանակ, այս անգամ էլ խորհրդարանից պահանջում են հավանություն չտալ հավելյալ ջրառին: Ի պաշտպանություն Սևանի «S.O.S.» հնչեցնող բնապահպանների շարքերը խիտ չեն, սպասելիքները մեծ չեն, բայց մտահոգությունները շատ են:

Սևանից հավելյալ ջրառ իրականցնելու թույլտվություն կառավարությունը խորհրդարանից խնդրում է արդեն 5-րդ անգամ: Ճիշտ այդքան անգամ փոխվել է լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման հարցերին վերաբերող օրենքը, որով հստակ արմարգրվում է. Սևանից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակը 170 մլն խորանարդ մետրն է:
Գործադիրը, սակայն, նախորդ տարիներին չի կարողացել տեղավորվել այդ սահմաններում ու մի քանի անգամ լճց հավելյալ ջրաքանակ բաց թողնելու խնդրի առաջ է կանգնել: Առաջին անգամ՝ 2008-ի ամռանը օրենքը փոխվել է միանգամից 2 անգամ՝ հունիսին սահմանվել է, որ հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջրի կարիք կա, օգոստոսին այդ թիվը դարձել է 190: Լրացուցուցիչ ջրառ իրականացվել է նաև 2012-ին, 2014-ին և վերջինը նախորդ տարի՝ 100 մլն խորանարդ լրացուցիչ ջրի հայտ է ներկայացվել: Հիմա կառավարությունը հավելյալ 40 մլն խորանարդ մետրի կարիք է տեսնում: Նախագծում նշված է՝ մինչև 40 մլն:
«Մինչև 40 մլն ասվածը պատահական չէ: Այդ ջուրը բաց է թողնվելու փուլերով, մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջաին փուլի համար նախատեսված 25 մլն-ը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի»:
40 մլն խորանարդը հիմնավորված թիվ է՝ ասում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, նշում, որ ոռոգման համակարգն անցել է խնայողական ռեժիմի, 120 մլն խորանարդի պահանջարկն իջեցվել է մինչև 40 մլն, բայց դրանից խուսափել հնարավոր չի եղել:
Նախաձեռնության հիմքում նույն հիմնավորումներն են՝ տարին սակավաջուր է, ոռոգման ջրի դեֆիցիտ կա: Մտահոգությունները նույնպես նույնն են, դրանցից շատերը հնչել են նախորդ քննարկումներին: Լրացուցիր ջրառը վտանգում է լճի էկոհամակարգը, ջրի կորուստները չեն նվազում, ոռոգման համակարգի խնդիրները չեն լուծվում: Տարբերությունն այն է, որ նախորդ տարիներին այս մտահոգությունները բարձրացնում էր ընդդիմությունը, որն այսօր իշխանաթյուն է, հիմա՝ նախկին իշխանությունը:
«Հիմա դուք տեսաք, որ Սևանի նկատմամբ սիրո և համերաշխության զգացողություններից բացի կան նաև ոռոգման խնդիրներ, գյուղացիների առջև կան պարտավորություններ: Դուք վերջապես դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ»:
Արմեն Աշոտյանը մեծ գայթակղություն ուներ՝ հիշեցնելու հատվածներ այն ելույթներից, որոնք նախորդ տարիներին Սևանին վերաբերող քննարկումների ժամանակ արել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ որպես ընդդիմադիրներ: Բայց բավարարվեց հորդորով:
Տեղից Աշոտյանին հակադարձողը Սասուն Միքայլեյանն էր: Պատասխան ելույթներ հնչեցին նաև ամբիոնից:
Քվեարկությունց առաջ խմբակցության դիրքորոշում հայտնեց միայն ՀՀԿ-ն: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նոր ընդդիմությունը նախկինների պես չի վարվի:
ՀՀԿ-ն կողմ քվեարկեց նախագծին: Դեմ էր ընդամենը մեկ պատգամավոր՝ ՀՀԿ-ց Սամվել ֆարմանյանը: Նա, ի դեպ, նիստի մեկնարկից առաջ քաղաքական հայտարարություն էր արել ՝ անդրադառնալով քրոջ՝ Գյումրիի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին և այն շինծու որակելով:
Ըստ Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվող գործի՝ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանքն առաջադրվել է խարդախության հատկանիշներով։




