

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքվել են թոշակառու զինծառայողները: Բողոքում են, որ պետության կողմից իրենց հասանելիք բնակարանները չեն տրամադրվում:
Պահեստազորի սպա, մայոր Սամվել Պարզյանն իր երեք անչափահաս երեխաների հետ ապրում է փոքրիկ բնակարանում: Դեռ ծառայության տարիներին է դիմել բնակարան ստանալու համար, սակայն մինչ այժմ ոչ մի պատասխան չի ստացել:
«Նախկին ՊՆ-ին եմ դիմել, ասեց, դե հիմա մի բան կմտածենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին եմ դիմել, Նիկոլ Փաշինյանին եմ դիմել: Նախկին նամակները գրվում են, որ կարճաժամկետ ծրագրով գումար կտա կառավարությունը Պն-ին երբ որ գումար տա, այն ժամանակ կմտածենք, ոնց ենք անում ձեր հարցը: Փաստացի նրանք խուսափում են: Պետությունը հրաժարվում է իր պարտավորությունը կատարելուց: Կոնկրետ չեն ասում այո կամ ոչ»:
Պահեստի գնդապետ Սուրեն Զաքարյանը նույն խնդրով է կառավարության շենքի մոտ: Երկու երեխաների հայրը դեռ ծառայության ընթացքում, երբ դիմել է բնակարան ստանալու համար, պատասխան է ստացել, որ առաջին որդին արդեն չափահաս է և երեք սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունները կրճատվել են, նրան հասնում է երկու սենյականոց բնակարան, սակայն այդ էլ չկա՝ասում է.
«Իսկ քանի որ այդ որդիս դեռևս ապրում է իմ տանը, ես ինչ անեմ, ասեմ գնա բալկոնում ապրի, որովհետև քեզ տուն չի հասնում: Սա շատ սխալ մոտեցում է»:
Պետությունը պարտավորություն ունի 20 և ավելի տարի ծառայած զինծառայողներին ապահովել բնակարաններով, սակայն 1400 զինվորական թոշակառուներից 947 ընտանիք ունի բնակարանի խնդիր: Պետությունն այդ պարտավորությունները չի կատարում: Հետաձգում են, որպեսզի կրճատեն մեր իրավունքները՝ ասում է Սամվել Պարզյանը:
Դիմել են նախկին ու ներկա կառավարություններին: Նույնիսկ հիշեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 16-ի ելույթը, որտեղ նախկին պատգամավորն ամբիոնից հայտարարում է, որ թոշակառու սպաները դեռևս ծառայության ընթացքում հերթագրվում են բնակարան ստանալու համար, սակայն 20-25 տարի զինված ուժերում ծառայելով, սպան բնակարան չի ստանում:
«Ես ուզում եմ ասել, որ մենք շատ ենք խոսում մեր երկրի անվտանգության մասին, բայց անվտանգությունը ոչ միայն 80-ականների կամ 90-ականների զենքերն են, այլեւ ՀՀ ԶՈՒ սպաների սոցիալական կարգավիճակը, որտեղ մենք ունենք շատ լուրջ չլուծված խնդիրներ»:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը նշեց, որ թոշակառու սպաներին բնակարանով ապահովելու հարցը շատ բարդ է, լուծման համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն դոլար: Պետությունը պետք է քիչ-քիչ հարցին տա լուծում:
Թող գնան ստուգեն նախկինում բաժանածների տնրեը: Մեզանից երիտասարդ սպաները, ովքեր նոր են ընդունվում ծառայության արդեն ունեն բնակարաններ, իսկ 20 տարի և ավել ծառայածների նույնիսկ հերթը չի հասնում: Հույս ունեիքն, որ մեզ պետք է վարչապետն ընդուներ և լսեր մեր կարծիքը:




