ԿարևորՎերլուծականՔաղաքական

«Արդա՞ր», թե՞ «կարգին» Երեւան

«Ելք» դաշինքի անդամներն առաջիկա ընտրություններին մասնակցելու են, բայց առանձին- առանձին: Անգամ այս պայմաններում կողմերը չեն խոսում դաշինքի պառակտման մասին, բայց եւ արդեն ակնհայտ է, որ «Ելք» կուսակցություն ստեղծելու նպատակը այդպես էլ իրականություն չի դառնա:

 

 

Արդեն կայացած փաստ է՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինք այլեւս չի լինելու: Կողմերից որեւէ մեկը, սակայն, չի շտապում հայտարարել դաշինքի պառակտման մասին: Այսօր դեռ այդ լուրերը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշինքի ներսում անհամաձայնությունների մասին չի խոսում նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա «Ելք»-ում ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը: Նրա խոսքում, սակայն, ակնհայտ են «Ելք» դաշինքի գործունեության իրական ժամկետները:

Այժմ երկու մասին բաժանված «Ելք»-ի անդամները պայքարելու են ավագանու ընտրություններում: Մի կողմում ՔՊ կուսակցությունն է՝ քաղաքապետի՝ Հայկ Մարությանի իրենց թեկնածուով, մյուս կողմում «Հանրապետություն» եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունների նոր դաշինքը։ Անունը դեռ չեն որոշել, բայց քաղաքապետի պաշտոնում նախընտրում են տեսնել Արտակ Զեյնալյանին: «Ելք»-ում երկար էին սպասում այս որոշմանը: Առաջին քայլն արեց ՔՊ-ը: Ոչ թե դաշինքի, այլ կուսակցության գրասենյակում  3 շաբաթ առաջ որոշվեց ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափը:

Երեք շաբաթ անց՝ երեկ, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունների՝ «Հանրապետության» ու «Լուսավոր Հայաստան»-ի պաշտոնական որոշման մասին հայտարարվեց: Արդեն ֆեյսբուքյան տիրույթում ոչ պաշտոնական ընտրությունների մեկնարկը տրված է: «Ելք»-ի կողմնակիցներն ակտիվորեն արտահայտվում են՝ ընտրելու են «արդա՞ր Երեւանը», թե՞ «կարգին Երեւանը»:

Արամ Գրիգորյան. «Արտակ Զեյնալյանը շատ արժանի թեկնածու է եւ շատ հնարավոր է քվեարկեմ իր օգտին, բայց եւ կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը եւ այն աշխատանքը, որն արվում է հիմա և պետք է արվի՝ ավելի է կարևոր»։

Ադրինե Ասատրյան. «Ես պարոն Զեյնալյանին տեսնում եմ արդարադատության ոլորտում»:

Մանուել Մարկոսյան. «Կեցցե Հայկ Մարությանը: Կեցցեն արդար ընտրությունները»:

Գայանե Բաղմանյան. «Ես ընտրելու եմ Հայկ Մարությանին»:

Արսեն Կնաջյան «Լավ չի բաժան բաժան լինել»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար ակնհայտ է, թե ինչու բաժանվեցին «Ելք»-ի կուսակցությունները: Բաժանումը կանխատեսելի էր «թավշյա հեղափոխության» հաղթանակի հենց սկբից՝ գործադիր իշխանությունը վերցրած ուժը չի կարող շարունակել բացառապես արեւմտամետ մոտեցումները, որոնցից չեն հրաժարվում մյուս երկու ուժերը:

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով «Ելք»-ի խնդիրները սկսվել են դեռ դաշինքի ստեղծման օրվանից.

«Իրականում, «Ելք»-ը երբեք միասնական չի եղել: Միասնական խումբ, միասնական հետաքրքրություններով «Ելք»-ը երբեք չի եղել: «Ելք»-ը դա իրավիճակային, մեկանգամյա օգտագործման գործիք էր,  որ անցնեին խորհրդարան: Խորհրդարան նրանք անցան եւ միանգամից մենք տեսանք նրանց տարաձայնությունները։ Տեսել ենք մինչեւ վերջ եւ մինչեւ այս պահը: Հասկանալի է, որ մյուս երկու կուսակցություններին՝ ՔՊ-ից բացի, ձեռնտու է ընտրությունների գնալ միասին, որովհետեւ այդ դեպքում ընտրվելու երաշխիքներն ավելի մեծ են: Իսկ գործող իշխանություններին անհրաժեշտ է իրենց հետ «վերցնել» էլի ինչ որ ուժերի։ Բացի իրենցից ուրիշները նույնպես պետք է լինեն: Այս իրավիճակը մոտավորապես նման է այն հարաբերություններին, որ կային հանրապետականների եւ դաշնակցականների միջեւ»:  

Երկու մասի բաժանված «Ելք»-ի անդամները՝ հատկապես նոր ստեղծվող դաշինքից, այս պահի դրությամբ հրաժարվում են գնահատել ընտրություններում իրենց շանսերը: Որեւէ կանխատեսում այս հարցում չեն անում անգամ փորձագետները:

Back to top button